«Տաթևի վերածնունդ» և «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրերի ընթացքը կառավարության ուշադրության կենտրոնում է

19:17 • 11.06.12

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի մոտ այսօր տեղի ունեցած հանդիպմանը քննարկվեցին «Տաթեւի վերածնունդ» եւ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությանից:

 

Հանդիպմանը մասնակցել են ռուսաստանաբնակ հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանը, ծրագրերի իրականացման պատասխանատուներ ու պետական շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

 

Մասնավորապես անդրադարձ է եղել Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարական աշխատանքների կազմակերպման համար ենթակառուցվածքների ապահովման, դրանց որոշ հատվածների տեղափոխման և պարտադիր պայմանների ստեղծման խնդիրներին: Անհրաժեշտ համարվեց քննարկման դնել Դիլիջան քաղաքի նոր գլխավոր հատակագիծը, որը կհամապատասխանի քաղաքի զարգացման պահանջներին: Կարևորվեց նաև, Դիլիջանի և Տաթևի տարածաշրջանների զարգացման ծրագրերում անհրաժեշտ սոցիալական ենթակառուցվածքների ձևավորումն ու իրականացման փուլում գտնվող ծրագրերի հետ դրանց համադրման հարցերը:

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների ներգրավմամբ աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որն օպերատիվ կերպով կարձագանքի և կփորձի լուծում տալ ընթացքում ի հայտ եկող խնդիրներին:

 

Արմեն Գևորգյանը ծրագրերը կարեւորել է տարածքների համաչափ զարգացման տեսանկյունից` նշելով, որ դրանք գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: