Տավուշի մարզ պաշտոնյաների, քաղաքական գործիչների ու դիվանագետների այցելություններից տեղի բնակիչները «դուխ են առել»
Վերջին երեք օրերին Տավուշի մարզ պաշտոնյաների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների այցելությունները դրական ազդեցություն են թողել սահմանամերձ շրջանների բնակիչների բարոյահոգեբանական վիճակի վրա:
«Հա բա ոնց, դուխ են առնում, մարդիկ զգում են, որ իրենք մենակ չեն, իրենց հետևից ժողովուրդ կա, նախարարություն կա , կուսակցություններ կան, երկրակապահ կա, էնօր էլ դաշնակներն եկան, համերգ տվեցին, մարդկանց տրամադրությունն ահագին բարձրացավ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Սաղոյանը:
Ինչպես տեղեկացրեց Չինարիի գյուղապետը, հանգստյան օրերին գյուղ են այցելել ՀՅԴ-ի երիտասարդական թևի ներկայացուցիչները: Չինարի այցելած ԲՀԿ-ական պատգամավորների թվում եղել են նախկին ազատամարտիկներ Ռուստամ Գասպարյանը, Ռուբեն Գևորգյանը, Տիգրան Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ից 8-ը Տավուշի մարզում էին գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրի՝ Ֆրանսիայի Հայաստանում արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն և Հայաստանի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հիշեցնենք, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել էր հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված մարտական հենակետեր, տեղում ծանոթացել էր օպերատիվ իրավիճակին, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստությանը և բարոյահոգեբանական վիճակին, ստուգել էր պաշտպանական և ինժեներական կառույցների հուսալիությունը:
Դեսպան Անրի Ռենոն և մարզպետ Արմեն Ղուլարյանը քննարկել են մարզում անասնապահության, այգեգործության, ենթակառուցվածքների վերականգնման և այլ ոլորտներում իրականացված ծրագրեր:
Դեսպանն ընդգծել էր, որ հատուկ է ընտրել տարվա այս ժամանակահատվածը` որպեսզի առավելագույնս կարողանա իր համար բացահայտել Տավուշի մարզը:
Ինչպես տեղեկացրեց գյուղապետը, չնայած Չինարիում կյանքը վերջին օրերին ընթանում է սովորական հունով, երեխաները հաճախում են մանկապարտեզ, այդուհանդարձ անցած երկու օրերին նույնպես արձանագրվել են հրադադարի ռեժիմի անականոն և ոչ նպատակային խախտումներ:









