Երևանի փողոցներում աղմկոտ շրջագայությունների սիրահար վրացի վարորդը պահանջում էր դեսպանին և անգամ Սաակաշվիլուն (լուսանկարներ)
Այսօր՝ հունիսի 11-ին, Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները Սարյան-Լեո փողոցների խաչմերուկից ՃՈ տուգանային հրապարակ են տեղափոխել «ՎԱԶ 2107» մակնիշի 33 LV 185 համարանիշի ավտոմեքենան:
Նշված ավտոմեքենան վարել է 23-ամյա Սերգեյ Առջևանիձեն: Ավտոմեքենան տուգանային հրապարակ է տեղափոխվել այն բանի համար, որ ավտոմեքենայի վրա եղել են հատուկ «խլացուցիչներ» (որոնք շարժիչի ձայնը քիչ են խլացնում) և ավտոմեքենան եղել է վերասարքավորված: Մասնավորապես, անիվներն ու անվահեծերը ստանդարտներին չեն համապատասխանել, ինչը երթևեկության համար վտանգավոր է:
Գ. Շամշյանը հայտնում է, որ երբ ավտոմեքենան մտցնում էին տուգանային հրապարակ, նշված վարորդը բողոքում էր, թե «Ես Վրաստանի քաղաքացի եմ, դուք իրավունք չունեք իմ մեքենան տուգանային հրապարակ տեղափոխել, ես պահանջում եմ դեսպանին (նկատի ուներ ՀՀ-ում Վրաստանի դեսպանին – Tert.am)»: Գ. Շամշյանը պատմում է, որ երիտասարդն այնքան էր տարվել «պահանջատիրությամբ», որ մի պահ անգամ Վրաստանի նախագահ Սաակաշվիլուն էր պահանջում:
Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված մեքենայի վարորդը բազմիցս խախտել է բնակիչների անդորրը: Նա հատկապես սովորություն է ունեցել գիշերային ժամերին դուրս գալ Երևանի փողոցներով «շրջագայության»: Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված մեքենան բազմաթիվ բնակիչների բողոքն է հարուցել:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի









