ԱՄՆ-ը տարածաշրջանում այժմ հենվում է Հայաստանի վրա. ադրբեջանցի քաղաքագետ

11:33 • 11.06.12

Միացյալ Նահանգների Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան պայմանավորված էր վերջինիս իր կողմը ձգելու Արևմուտքի մեծ ցանկությամբ: Այս մասին Salam News-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի քաղաքական նորարարությունների ու տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն:


«Միացյալ Նահանգներն այժմ տարածաշրջանում հենվում է Հայաստանի վրա: Չնայած խորհրդարանական ընտրությունների անցկացման ընթացքում թույլ տրված խախտումներին (ՀՀ խորհրդարանական ընտրություններ, որոնք անցկացվեցին մայիսի 6-ին-Tert.am), Հիլարի Քլինթոնը Հարավային Կովկաս այցի ընթացքում գովեց Սերժ Սարգսյանին այդ ընտրությունների անցկացման համար և նրա հետ քննարկեց Հայաստանի կողմից արևմտամետ կողմնորոշում ընդունելուն առնչվող հարցեր»,- հայտարարել է Ահմեդօղլուն:


Նրա խոսքով` տարածաշրջանում ԱՄՆ-ի հիմնական շահերը Հայաստանի հետ կապված գործընթացներն են, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու երկրի հնարավորություններից օգտվելը` Իրանի վրա ճնշումը մեծացնելու նպատակով:

 

Քաղաքագետն ընդգծել է, որ ԱՄՆ-ը ներկայում այդքան էլ հետաքրքրված չէ Վրաստանով, և այցը երկիր «վրացիներին չնեղացնելու համար էր»:

 

Ինչ վերաբերում է ամերիկա- ադրբեջանական հարաբերություններին, ապա նա նշել է, որ Ադրբեջանն ունի իր սեփական էներգետիկ քաղաքականությունը և «ոչ մի կախվածություն չունի ԱՄՆ-ից»:

«Այստեղ խոսք կարող է գնալ միայն համագործակցությունն ընդլայնելու մասին: Ադրբեջանը չի մասնակցում ու չի մասնակցի ԱՄՆ-ի հակաիրանական ծրագրերին»,- ասել է նա: