«Շղթայական» ավտովթարներ «Չայնիի» ոլորաններում կամ թե ինչի է բերում ուրիշի ավտովթարի նկատմամբ հետաքրքրասիրությունը (ֆոտո)

23:07 • 11.06.12

Այսօր՝ հունիսի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.00-ի սահմաններում Երևանի բնակիչ Մանուկ Բեգինյանը, վարելով «Պեժո 206» մակնիշի 19 ՏՕ 948 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոմայրուղու «Չայնիի» ոլորաններում, դեպի Երևան, ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց գոտի, գլխիվայր շրջվել և բախվել բետոնե արգելապատնեշներին:

 

Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի մեծ թվով աշխատակիցներ՝ հրամանատար Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում է նաև նույն վաշտի հետաքննիչը:


Վթարից հետո նշված հատվածում տեղի է ունեցել ևս երկու ավտովթար: Նշված հատվածով երթևեկող հետաքրքրասեր վարորդները, ցանկանալով դիտել տեղի ունեցած ավտովթարը, իրենք են դարձել ավտովթարի պատճառ:


Այդպիսով ավտովթարի մեջ են հայտնվել միանգամից ևս 4 ավտոմեքենաներ՝ «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 31 ՏՕ 020 համարանիշի, «Մերսեդես» մակնիշի 27 ՍՏ 555 համարանիշի, «Ֆոլկսվագեն Վենտո» մակնիշի 33 LT 988 համարանիշի և վերջապես՝ «Մերսեդես» մակնիշի 08 ՏԼ 883 համարանիշի ավտոմեքենաները:


Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի