Աֆղանստանում երկրաշարժերի զոհ է դարձել մոտ 100 մարդ, 70-ին փրկելու հույս կա

16:19 • 12.06.12

Աֆղանստանի Հինդուկուշի լեռներում երեկ առավոտյան րոպեների տարբերությամբ գրանցված 2 երկրաշարժերի հետևանքով զոհվել է մոտ 100 մարդ, հայտնում է The Washington Post-ը: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, ստորգետնյա ցնցումների հետևանքով լեռը փլվել էր հարևան գյուղի վրա, որի 10-20 մետր հաստությամբ հողաշերտի ու քարերի տակ էր մնացել 23 տուն: Փլուզումն այնպիսի արագությամբ էր տեղի ունեցել, որ բնակիչները փրկվելու ոչ մի շանս չեն ունեցել:

 

Զոհերի մասին տվյալներ ստացվել են միայն այսօր, սակայն դրանք դեռ վերջնական չեն, քանի որ որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են: 20 մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ:

 

Մոտ 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերի հիմնական հարվածը զգացվել է Բաղլան նահանգի 5 բնակավայրերում: Ցնցումները զգացվել են նաև մայրաքաղաք Քաբուլում, որը տեղակայված է էպիկենտրոնից 170 կմ հեռավորության վրա:

 

 

Աֆղանստանում փրկարարները փորձում են դուրս բերել 70 գյուղացիների, որոնք երկրաշարժից հետո հայտնվել են փլատակների «ծուղակում», հայտնում է dunyanews.tv-ն: Վերջին տեղեկություններով՝ Բաղլան նահանգի Բուրկա շրջանում արդեն 3 դիակ է հայտնաբերվել: 6 հոգու հաջողվել է փրկել: Ըստ իշխանությունների հաշվարկի` փլատակների տակ 23 ընտանիք կա՝ 50-70 հոգի: