Արարատը` պապերի հողերի խորհրդանիշ. Vatan
Վերջերս «Հայաստան-Թուրքիա երկխոսության զարգացում» ծրագրի շրջանակներում հայ և թուրք 16 լրագրողները գործնական շրջագայություն են ունեցել Թուրքիայում և Հայաստանում: Թուրքական Vatan օրաթերթի լրագրող Ուղուր Քոչբաշը պատմել է իր տպավորությունների և Արարատի խորհրդանիշի մասին:
«Հայ ժողովրդի 60 տոկոսը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը: Այսինքն Արարատի հակառակ կողմի հետ խաղաղության հաստատումն իրականում այնքան էլ հեռու չէ»,- գրել է նա:
Լրագրողը նշել է, որ Հայաստանը ելք չունի դեպի ծով, իսկ ցամաքային սահմանով` լարված հարաբերություններ ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ` ԼՂ հակամարտության պատճառով:
«Չնայած «բարեկամ և եղբայր» Ադրբեջանի և Թուրքիայի միջև վիզային ռեժիմ է գործում, Երևան մտնելիս միայն անձնագիր ցույց տալն ու մոտ 15 դոլար վճարելը բավական է լինում: Դրա դիմաց 21 օրվա մուտքի արտգոնագիր ես ստանում»,- գրել է Քոչբաշը:
«Ինչպե՞ս հասնելը»-ը, ըստ լրագրողի, նույնպես խնդիր չէ` չվերթներ կազմակերպում են ինչպես AtlasJet-ը, այնպես էլ հայկական «Արմավիա» ընկերությունը: Երևանի փողոցներով քայլելիս դուք ձեզ օտաչ չեք զգա: Ավելին` Երևանում հանդիպող 100 մարդկանց եթե Ստամբուլի որևէ փողոց տեղափոխենք, ոչ ոք ոչ մի տարբերություն չի նկատի: Անգամ ռեստորանների սնունդն է մեր քիմքին հաճելի:Թուրքական և հայկական խոհանոցներն իրար շատ են նման. եթե Թուրքիայում «դոլմա» համտեսել եք, ապա խորհուրդ կտամ նաև Երևանում փորձել»,- գրել է նա:
Խոսելով այն մասին, թե ինչպե՞ս են Հայաստանում վերաբերվում թուրքերին, նա նշել է, որ ոչ երևանյան հանդիպումների ընթացքում, ոչ էլ երեկոյան զվարճանալիս որևէ խտրական վերաբերմունքի չեն արժանացել:
«Անգամ երբ ասում էինք, որ թուրք ենք, վերաբերմունքը չէր փոխվում: Միայն հետաքրքիր դեպք տեղի ունեցավ Հայաստանի ամենահին եկեղեցու` Էջմիածնի մայր տաճարի մոտ, երբ 9-10 տարեկան մի երեխա, ով փորձում էր մեզ հուշանվեր վաճառել, լսեց, որ թուրք ենք, աչքերը լայն բացեց, ապա առանց հետ նայելու փախավ: Իսկ մեկ ուրիշը նախ մեզ բռունց ցույց տվեց, իսկ երբ տեղեկացրինք, որ «բարեկամանալու համար ենք» այնտեղ, մեզ ձեռք պարզեց` ողջունելու համար»,- նշում է հոդվածագիրը:
Անդրադառնալով Արարատի սիմվոլին` թուրք լրագրողը պատմել է, որ «Արարատը, որի մի օձիքին Հայաստանն է, մյուսին` Թուրքիան, երևում է Երևանի ցանկացած կետից»:
«Հայերի համար Արարատը իրենց պապերի հողերի խորհրդանիշն է: Արարատի կիրքն այնքան ուժգին է, որ ամեն տեղ դա կարող եք տեսնել. ռեստորան ենք գնում` անունն «Արարատ», երկրի ամենահայտնի խմիչքի անունն «Արարատ» է, մարզադաշտ ենք տեսնում, հարցնում ենք, թե ո՞ր թիմինն է, պատասխանն է` «Արարատ», բանկոմատ ես տեսնում` վրան գրված է` «Արարատ բանկ»,- գրում է նա:
Հայաստանի և Թուրքիայի միջև 2009 թ-ին սկսված «Ֆուտբոլային դիվանագիտության» մասին, թուրք լրագրողը նշում է, որ Հայաստանում բոլոր քաղաքական գործիչները, մտավորականները, անգամ փողոցում սովորական անցորդները խոսում են դրա մասին:
«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, երբ երկու երկրների հավաքականների խաղը դիտելու համար հրավիրեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին, սկսվեց «Ֆուտբոլային դիվանագիտությունը», որը մեծ հուզմունք առաջացրեց Հայաստանում: Սակայն Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների` առաջընթաց չգրանցելը նվազեցրել է հույսերը: Եթե 2009-ին դրան հավատում էր բնակչության 65%-ը, 2010-ին այդ թիվը հասել էր 43-ի, իսկ անցյալ տարի նվազել մինչև 40 %»,- գրում է Քոչբաշը:
Նա նաև շեշտում է, որ հայերի 34 %-ի կարծիքով սահմանը պետք է բացվի առանց նախապայմանների: Ճիշտ նույնքանն էլ պնդում է, որ սահմանը պետք չէ բացել, եթե թուրքական կողմը նախապայմաններ առաջ քաշի:
Լրագրողը որպես «ծայրահեղական» մոտեցում է ներկայացնում ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի տեսակետը: Մանոյանը թուրք լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, փոխհատուցի զոհված հայերի համար, ինչպես նաև վերադարձնի տեղահանությունից առաջ հայերով բնակեցված 6 վիլայեթները:









