Թե ինչպես Արարատի մարզում պապը փրկեց 2-ամյա թոռանը առյուծի ճիրաններից (լուսանկարներ)

18:56 • 12.06.12

Անցյալ տարի Արարատի մարզում մի արտակարգ պատահար է տեղի ունեցել, որի մանրամասները բացահայտվել են օրերս միայն:


Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սեպտեմբերի 28-ին Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխվել 2-ամյա Ժորա Պետրոսյանը:


Երեխան հիվանդանոց է տեղափոխվել Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Հովտաշատ գյուղից:


Այդ օրը երեխան իր ծնողների և պապի հետ գտնվելիս են եղել Հովտաշատ գյուղում գտնվող ձկնաբուծարանում, որը, ըստ Գ. Շամշյանի, պատկանում է Ոստիկանության գնդապետ Գագիկ Բադալյանին, ով նախկինում աշխատել է որպես Ոստիկանության Մասիսի բաժնի պետ, ինչպես նաև բարձր պաշտոն է զբաղեցրել Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում:


Նշված օբյեկտում ոստիկանության աշխատակիցը պահելիս է եղել առյուծ, և երբ նշված օրը երեխային մոտեցրել են առյուծին նայելու համար, առյուծը հարձակվել է երեխայի վրա: Երեխանյին գրկած անձը, թողնելով երեխային առյուծի մոտ, վանդակի մոտից փախել է: Երեխային առյուծի ճիրաններից կարողացել է փրկել պապը, ով Գ. Շամշյանի տեղեկություններով, աշխատում է ոստիկանությունում և միշտ իր աշխատանքը կատարել է բարեխիղճ կերպով:


Երեխան, ով ԱՄՆ քաղաքացի է, երկու անգամ ենթարկվել է վիրահատման, և, ըստ տեղեկությունների, շուրջ 7 տասնյակ վնասվածքներ է ստացել: Դրանք եղել են պարանոցի և կրծքավանդակի մասում բազմաթիվ պատռված վերքերի տեսքով:
Բժիշկներին հաջողվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում փրկել երեխայի կյանքը:


Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ խոսքում պատմել են, թե «Զարմացած ենք, թե ինչպես են առյուծ պահում մի տեղ, որտեղ չի պահպանվում տարրական անվտանգության կանոնները»: Գյուղացիները նաև նշել են, որ, հավանաբար, Բադալյանին հովանավորել են Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:


Գ. Շամշյանը հայտնում է, որ այս դեպքից հետո Ոստիկանության Մասիսի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Առաքելյանը գրություն է ուղարկել Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարին՝ հետևյալ խնդրանքով. «Ոստիկանության Մասիսի բաժնում նախապատրաստվող նյութերի անհրաժեշտությունից ելնելով՝ խնդրվում է հայտնել, առյուծ պահելը անհատ ձեռնարկատիրոջ համար թույլատրելի գործունեություն հանդիսանում է թե ոչ, մարդաշատ վայրում առյուծ պահելը թույլատրելի է, թե ոչ»:


Ոստիկանության Մասիսի բաժնի պետը նաև խնդրել է տեղեկանք տրամադրել առյուծ պահելու կարգի, պայմանների և անվտանգության ապահովման վերաբերյալ:


Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Ավալյանը Աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանի փոխարեն պատասխանել է ոստիկանապետին:


Այդ օբյեկտին կից գործում են գազալցակայան, բենզալցակայան, ինչպես նաև ձկնամթերքի վաճառքի կետ:


Գյուղացիները նաև Գ. Շամշյանին պատմել են, որ նշված ձկնաբուծարանի տերը, միաժամանակ լինելով բարձրաստիճան պաշտոնյա, չի բարեհաճել երեխայի առողջությամբ հետաքրքրվել:

 

Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ փաստի առթիվ Ոստիկանության Մասիսի բաժնում ժամանակին նյութեր են նախապատրաստվել, սակայն, չգիտես ինչու, այն ժամանակ ոստիկանությունը գործի նկատմամբ օբյեկտիվ քննություն և վերահսկողություն չի ապահովել:


Ավելին, գյուղացիները Գ. Շամշյանին պատմել են, որ «գործը այդպես էլ կփակվեր, մեղավորները պատասխանատվության չէին ենթարկվի, քանի որ օբյեկտի տիրոջը հովանավորում էր ՀՀ նախկին Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ու Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետը»:

 

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի