ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այցելեց քննակենտրոն՝ հետևելու քննության ընթացքին
Այսօր՝ միասնական քննությունների առաջին փուլի շրջանակում, 8 հազ. 957 դիմորդ քննություն է հանձնում «Մաթեմատիկա» առարկայից: Տեղեկացնենք, որ քննությունը սկսվեց առավոտյան ժամը 09:30-ին և ավարտվել է 3 ժամ անց:
Մինչև կսկսվեր քննությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը ժամանեց Երևանի պետական համալսարանի քննակենտրոն՝ հետևելու քննության ընթացքին, ինչպես նաև իրազեկվելու, թե ի՞նչ տրամադրվածությամբ են ուսանողները եկել քննության:
Նախարարի պաշտոնակատարը մոտեցավ մի շարք ուսանողների և փորձեց պարզել, թե, արդյո՞ք, իրենք որևէ դժգոհություն չունեն, և գո՞հ են շտեմարաններից: Դիմորդներից ոչ ոք չդժգոհեց: Արմեն Աշոտյանն իր հերթին հաջողություն մաղթեց դիմորդներին:
Լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը հույս հայտնեց, որ քննությունից հետո դժգոհություններ չեն լինի թեստերի հետ կապված, քանի որ, ըստ նրա, դրանք նախորդ տարիների հետ համեմատած բարելավվել են:
««Հայոց լեզու» առարկայի քննությունից հետո ոչ մամուլը, ոչ դիմորդները, ոչ էլ ծնողները բողոքներ չհայտնեցին: Պատճառն այն է, որ այս տարի մենք «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաների քննությունները կազմել ենք շտեմարանների միջոցով: Պետք է նշեմ, որ նույնիսկ ընդդիմադիր մամուլը մեր այս քայլը խրախուսեց: «Մաթեմատիկա» առարկայի քննությունը ևս մեկ անգամ կապացուցի, որ մեր բռնած ճանապարհը ճիշտ է»,-ասաց Աշոտյանը և ավելացրեց, որ հաջորդ տարի բոլոր քննական առարկանները կունենան շտեմարաններ:
Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ բուհական կրթության հարցում կառավարության բանաձևը հետևյալն է՝ հնարավորինս հեշտ ընդունելիություն, հնարավորինս դժվար պետական ավարտական քննություններ:
«Զանգվածային ընդունելիությունը հնարավորություն է տալիս ապահովելու յուրաքանչյուրի ուսում ստանալու իրավունքը, իսկ ավելի խիստ ավարտական քննությունը թույլ է տալիս վստահ լինել, որ հասարակություն են մտնում արդեն պահանջվող, որակական շեմին համապատասխանող երիտասարդներ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանում միասնական քննությունները մեկնարկել են հունիսի 1-ից: Մինչ օրս անցկացվել է 5 քննություն հետևյալ առարկաներից՝ «Կենսաբանություն», «Ընդհանուր պատմություն», «Աշխարհագրություն», «Հայոց լեզու և գրականություն», ինչպես նաև, «Ռուսաց լեզու»: Միասնական քննությունների առաջին փուլը կավարտվի հունիսի 22-ին, որից հետո կսկսվի երկրորդ փուլը:
Այս տարի միասնական քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 18 հազ. 107 դիմորդ՝ Հայաստանի Հանրապետությունից և ԼՂՀ-ից:









