Ավստրալիայում 32 տարի անց մանկան մահվան համար մեղավոր է ճանաչվել… դինգո շունը
Ավստրալիայում դատարանի վճիռը 32 տարի տևած առեղծվածային դատավարություններից հետո վերջ է դրել Ազարիա Չեմբերլենի աղմկահարույց գործին, որը 1980-ին անհետացել էր Ուլուրուում՝ ճամբարային վրանից, հայտնում է Reuters-ը:
Այժմ 9 ամսական երեխայի անհետացման համար դատարանը մեղավոր է ճանաչել… ավստրալական դինգո վայրի շանը:
Ազարիա Չեմբերլենի գործը մշտապես ոչ միայն ավստրալական, այլև համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է եղել: Այս պատմության հիման վրա նույնիսկ հոլիվուդյան ֆիլմ էր նկարահանվել՝ Մերիլ Սթրիփի մասնակցությամբ: Բանն այն է, որ այս գործով դատարանը մեղավոր էր ճանաչել և դատապարտել էր աղջնակի ծնողներին, ինչը մեծապես պայմանավորված էր հասարակական կարծիքով. բանն այն է, որ երեխայի ծնողները պատկանում են մի աղանդի, որի հանդեպ բացասական վերաբերմունք կա Ավստրալիայում:
Արդարացված ծնողները նշել են, որ «պայքարը կատաղի է եղել», սակայն իրենք «ուրախ են, որ իրենց աղջկա հոգին կարող է հիմա խաղաղվել»: Դատավորը վճռել է, որ 9-ամսյա աղջնակի մահվան վկայականում պետք է գրվի. «Ենթարկվել է դինգոյի հարձակմանը և տարվել նրա կողմից»:









