Բաց նամակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին

12:10 • 12.06.12

 Երևանի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցների և Սայաթ-Նովա պողոտայի բնակիչները նամակ են հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որում մասնավորապես ասվում է, որ իրենք ստացել են Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Լ. Հակոբյանի պատասխան նամակը:Սակայն հիշյալ պատասխանն իր մեջ չի պարունակել բնակիչներին հուզող հարցերի պատասխանը`ուստի որոշել են հրապարակային գործունեության անցնել`մասնավորապես բաց նամակ են հղել վարչապետին:

Բացի այդ, հանրությունը, որի «բացառիկ գերակա շահից» ելնելով է նախատեսվում նամակագիր բնակիչների շենքերի բակում էլիտար շենքի կամ շենքերի շինարարությունը, պետք է որ հնարավորություն ունենա հաղորդակից լինելու իրենց պահանջներին և իրավասու մարմինների արձագանքին:

Նամակում մասնավորապես ասվում է, որ «բացառիկ գերակա հանրային շահի» թիրախ է ընտրվել մայրաքաղաքի կենտրոնական մասում տեղակայված իրենց բակը և այստեղ գտնվող ոստիկանության թիվ 1 մանկապարտեզը, որը քանդվել և օտարվել է` խախտելով «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքը:

Ինչպես պարզվում է բաց նամակից, կառուցապատող «Ավագ Շին» ընկերությունը կառուցվելիք բազմահարկ, բազմաֆունկցիոնալ բնակելի շենքից մոտ 1800 քմ տարածք է հատկացվելու ոստիկանությանը:

Բնակիչները դժգոհում են,որ ամառվա տապին, մի քանի հազար մարդ ստիպված է ապրել փակ պատուհաններով, ինչը նույնպես չի փրկում շինարարության աղմուկից և փոշուց: Իսկ շինարարության ավարտին էլ զրկվելու են լույսից, օդից, առանց ավելորդ աղմուկի ապրելու հնարավորությունից:

Ըստ բնակիչների բողոքի պաշտոնական ատյանները պնդում են, որ այժմ բակային տարածքը չի համապատասխանում քաղաքաշինական և հակահրդեհային նորմերին: Մինչդեռ հասկանալի չէ, թե ավելացնելով բնակեցման խտությունը մի տարածքում, ուր շենքերի մուտքերը դուրս են գալիս դեպի բակ, ինչպես կարելի է ապահովել մարդկանց տարհանումը հրդեհի կամ այլ խոշոր աղետների դեպքում` խուսափելով բարդություններից և ավելորդ զոհերից:

Նամակում ասվում է, որ1988 թ ավերիչ երկրաշարժից հետո մասնագետները կանխատեսում էին տարածաշրջանում նման աղետի կրկնման հնարավորությունը: Այն առավել հավանական է թվում վերջին շրջանում սեյսմիկ ակտիվության կտրուկ բարձրացման պայմաններում: Այս առիթով բնակիչների դիմումին ՍՊԱԾ-ի պատասխանում նշվում է, որ Նալբանդյան 106/1-ի հարևանությամբ գտնվող բոլոր շենքերը կառուցվել են 1988 թ երկրաշարժից առաջ, չեն համապատասխանում սեյսմիկ շինարարության այսօրվա նորմերին և ամրացման կարիք ունեն: Սակայն փոխարենը 5-հարկանի շենքերի հարևանությամբ բարձրահարկ է կառուցվում, ինչն էլ ավելի է մեծացնում երկրաշարժի դեպքում իրենց շենքերի փլուզման վտանգը:

Ավարտելով նամակը բնակիչները նշում են. «Պարոն վարչապետ, վերջերս Բրյուսելում Դուք հայտարարեցիք, որ Հայաստանը նախընտրում է զարգացման եվրոպական ուղին: Կարծում ենք, դա նշանակում է ոչ միայն եվրոպական ներդրումներ մեր երկրի տնտեսության մեջ, այլև մարդու այնպիսի տարրական իրավունքների պաշտպանության ապահովում, ինչպիսիք են անվտանգ և առողջ ապրելու իրավունքը: Համոզված ենք, որ ցանկության դեպքում կառավարությունը կարող է վերանայել հերթական «էլիտարը» կառուցելուն ուղղված իր որոշումը՝ հատկապես հաշվի առնելով կենտրոնի կետային կառուցապատման դադարեցման անհրաժեշտության մասին Ձեր հայտարարությունները»: