Բակո Սահակյանը Երևանում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահին

11:07 • 12.06.12

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին Երևանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Իմոն Գիլմորի հետ:


Ինչպես տեղեկանում ենք Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող մի շարք հարցեր:


Բարձր գնահատելով ԵԱՀԿ ջանքերը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում` նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պետք է վերականգնել ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովում հաստատված բանակցային ձևաչափը, նշելով, որ առանց ԼՂՀ անմիջական մասնակցության անհնար է հասնել հակամարտության համապարփակ կարգավորման:


Երկրի ղեկավարը կրկին անգամ հաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը, միաժամանակ ավելացնելով, որ հիմնախնդրի կարգավորման կարևոր խոչընդոտներից է Ադրբեջանի կողմից վարվող ռազմատենչ և հակահայկական քաղաքականությունը, որը վերջին ժամանակահատվածում ընդունել է խիստ ծայրահեղական կեցվածք և միջազգային հանրության կողմից պետք է արժանանա համապատասխան գնահատականի:


Արցախի Հանրապետության Նախագահը կարևորել է ԵԱՀԿ գործող նախագահի Արցախ այցելելու և տեղում երկրին ծանոթանալու անհրաժեշտությունը:


Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձիք: