Բրյուսովի նորընտիր ռեկտորը չի վախենում ուսանողների ընդդիմադիր քայլերից
Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նորընտիր ռեկտորն առաջին հերթին կզբաղվի մասնագիտական փոփոխություններով. այս մասին այսօր անձամբ հայտարեց ինքը՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գայանե Գասպարյանը՝ համալսարանի ռեկտոր ընտրվելուց հետո:
Տեղեկացնենք, որ այսօր Գայանե Գասպարյանը 22 կողմ և 1 անվավեր ձայնով ընտրվեց ԵՊԼՀ-ի ռեկտոր:
Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ բուհում կարևորում է առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի հաստատումը.«Ուզում եմ, որ բոլորն իրենց հանգիստ զգան համալսարանում և ժպիտները դեմքերին բուհ մտնեն: Շատ գործ եմ արել այս 1-1,5 ամսվա ընթացքում և պետք է շարունակենք մեր գործունեությունը»:
Նորընտիր ռեկտորն ասաց, թե ընտրությունների մասնակիցների ուշադրությունն ինքը թերևս կարողացավ գրավել իր ներկայացրած ծրագրով և այն անելիքներով, որ ուրվագծել է գալիք տարիների համար:
Tert.am-ի հարցին, թե արդյո՞ք նա մտահոգված չէ և կամ չի՞ վախենում ուսանողների ընդդիմադիր քայլերից, Գայանե Գասպարյանը պատասխանեց.«Բացարձակ չեմ վախենում, որովհետև ուսանողները ինձ միշտ սիրել են: Մի քանի հոգու ընդդիմությունն ինձ որևէ վախ չի ներշնչում: Ես չեմ կարող դրածո լինել, որովհետև այն հազվագյուտ ռեկտորներից եմ, ով առանց ոչ մի բանի, հենց ամենաարդար ձևով ընտրվել է»:
Նշենք, որ այսօր առավոտյան բուհի մուտքի առջև՝ հենց ասֆալտի վրա, որոշ ուսանողներ գրել էին՝ «Ընտրությունները օրինական չեն», «Դրածո» բառերը:
Ի դեպ, ընտրությունների ընթացքում մի շարք ուսանողներ պատրաստվում էին բողոքի ակցիա կազմակերպել՝ իբրև արհամարհանքի նշան, սակայն երբ նորընտիր ռեկտորը դուրս եկավ բակ՝ այլևս ոչ մի ուսանող բակում չկար:
Գայանե Գասպարյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի անձին և նշեց, որ 10 տարի երկուսով՝ ուս-ուսի տված աշխատել են և համալսարանը ոտքի կանգնեցրել:
Հարցին, թե արդյո՞ք նա գոհ է եղել Զոլյանի ղեկավարումից, տիկին Գասպարյանը պատասխանեց.«Գոհ եմ եղել մինչև որոշակի շրջան, բայց համալսարանում բարոյահոգեբանական վիճակն առողջ չէր: Ես չեմ ուզում մեր նախկին ռեկտորի մասին որևէ բան ասել: Նա լավ գիտնական է, լավ ղեկավար էր, մենք բավականին երկար աշխատել ենք՝ շատ լավ ու համերաշխ: Մի ստիպեք ինձ որևէ բան ասել ռեկտորի մասին, այսքան ժամանակ որևէ մեկին որևէ բան չեմ ասել և չեմ էլ ուզում ասել»,-ասաց նորընտիր ռեկտորը:
ԵՊԼՀ Խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանն էլ նշեց, որ համալսարանի ռեկտորի պաշտոնի շուրջ ստեղծված վեճը բացառիկ երևույթ չէ. «Նման վեճեր միշտ էլ կարող են ծագել հիմնադիրի և լիազորի, նաև գործադիր մարմնի միջև: Սա շատ տարածված երևույթ է և բնական բան՝ բուհական կյանքի համար: Ես եղել եմ երեք բուհի ուսանող, նաև դասախոս և չեմ հիշում մի պատմություն, որ չունենա վեճի կամ մրցակցության ու տեսակետների բախում»,-ասաց նա և ավելացրեց, որ այսօրվա նիստը օրինաչափ էր և անցկացվեց արդյունավետ ընտրություն:









