Բրյուսովի ուսանողներն իրենց քանակն ու որակը ցույց կտան հունիսի 14-ին՝ Զոլյան-Աշոտյան դատական առաջին նիստում

21:37 • 12.06.12

Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողները խոստանում են անհրաժեշտ քանակ և որակ ապահովել հունիսի 14-ին կայանալիք համալսարանի նախկին ռեկտոր «Սուրեն Զոլյանն ընդդեմ ՀՀ Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանի» դատական առաջին նիստում:

 

Այսօր ԵՊԼՀ-ի ռեկտորի ընտրությոնների ընթացքում համալսարանի շենքի առջև էին հավաքվել մի խումբ ուսանողներ և անցկացնում էին բողոքի ակցիա, դրանով իրենց արհամարհական վերաբերմունքն արտահայտելով նորընտիր ռեկտորի հանդեպ:

Tert.am-ի հետ զրույցում համալսարանի 2-րդ կուրսի ուսանող Միքայելը Ղազարյանը նշեց, որ ընտրություններն անօրինական են եղել հետևյալ պատճառներով. «Նախ եթե կա մի որոշում, որը բողոքարկում է և դատարանը ընդունում է այն, նշանակում է, որ այդ որոշումը (ընտրություն կազմակերպելու-Tert.am) պետք սառցվի այնքան ժամանակ, քանի դեռ դատարանն իր վճիռը չի կայացրել: Հետո էլ մեր այսօրվա ուսանողական խորհուրդը, որը ձևավորվել է 2 տարի առաջ փետրվարին, իսկ խորհրդի ընտրություններն անցկացվում են 2 տարին մեկ անգամ, նշանակում է այս տարվա փետրվարից այն անօրինական է և չի կարող քվեարկել ռեկտորի ընտրություններում»,-ասաց նա:

 

Ղազարյանը նաև հայտնեց, որ մի ամիս առաջ իրենք պահանջ են ներկայացրել ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանին՝ նոր ուսանողական խորհուրդ ձևավորելու մասին, ինչը վերջինս մերժել է:

«Մենք խնդրում ենք, որ ապօրինությունը վերացնի, իսկ ինքը անօրինական ևս մի քայլ է կատարում՝ մեր պահանջը մերժելով: Սրանով մենք ականատես ենք լինում Հայաստանում առհասարակ իրականացվող բազմաթիվ ընտրակեղծիքներից մեկին: Սրանք խուժան ընտրություններ են»,- ասաց ուսանողը:

 

Հարցին, թե ինչո՞ւ են բողոքի ակցիային մասնակցում այսքան քիչ թվով ուսանողներ` մոտ 10-15 հոգի, և, արդյո՞ք, մի քանի ամիս շարունակ ուսանողների կողմից կազմակերպվող բողոքի ակցիաներն, ընդամենը, դասերը տապալելու միջոց չեն, Միքայել Ղազարյանը նախ պատասխանեց. «Մենք քիչ չենք արհամարական բնույթի ակցիայի կազմակերպման համար: Մենք ուզում ենք, պարզապես, նայել այդ մարդկանց աչքերին և ցույց տալ, որ իրենք արհամարված են: Մենք չենք հարգում օրենքից դուրս որևէ որոշում»:

 

Հիշեցնենք, որ այսօր ԵՊԼՀ-ում կայացած ռեկտորի ընտրություններում 22 կողմ և 1 անվավեր ձայնով ռեկտոր ընտրվեց Գայանե Գասպարյանը, ով մոտ 2 ամիս է համալսարանում զբաղեցնում էր ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնը: