«Բրյուսովն» ունի նոր ռեկտոր. արդյունքներն ամփոփված են՝ 22 կողմ, 1 անվավեր

15:30 • 12.06.12

Քիչ առաջ Վալերի Բրյուսովի անվան Պետական լեզվաբանական համալսարանում ամփոփվել են ռեկտորի ընտրությունները և արդյունքում ռեկտոր է ընտրվել երկու թեկնածուներից Գայանե Գասպարյանը: Մրցույթի մյուս թեկնածուն՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանը,  առանց սպասելու ընտրությունների արդյունքներին` հեռացել էր: Այս մասին Tert.am –ի հետ զրույցում հայտնեց ԵՊԼՀ խորհրդի անդամներից մեկը:

 

Մինչև ընտրությունները արդեն իսկ ենթադրվում էր, որ բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանն առանց դժվարությունների կընտրվի:

 

Ինչպես հայտնում է մեր թղթակիցը, բուհի շրջակայքում «հակասական» վիճակ է. համալսարանի բակում դասախոսները նախապես բաժանված մեկակական վարդերով սպասում են Գայանե Գասպարյանին՝ նրան շնորհավորելու համար, իսկ բուհի ճակատային մասում «Ազատ ուսանողների ֆորումի» անդամները պատրաստվում են Գայանե Գասպարյանի դեմ արհամարհանքի պիկետ անցկացնել: Նշենք, որ այս անգամ պիկետի մասնակիցները փոքրաթիվ են:

 

Ավելի վաղ բուհի ուսանող Նարեկ Սամսոնյանը Tert.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ հանդես են գալու բուհի ռեկտորի ընտրությունների ոչ լեգիտիմության մասին հայտարարությամբ: