Եվրամիության հերթական երկիրը «փրկության» կարիք ունի

10:53 • 12.06.12

Կիպրոսի ֆինանսների նախարար Վասոս Սիարլիսը հայտարարել է, որ իր երկիրը մոտ ժամանակներս կարող է ֆինանսական օգնություն խնդրել Եվրամիությունից:


«Սա հրատապ հարց է: Մեր բանկի վերակապիտալիզացիան պետք է ավարտվի մինչև հունիսի 30-ը, մնացել է մի քանի օր»,-  կիպրական հեռուստաընկերություններից մեկի եթերում ասել է Սիարլիսը:

 

Մինչև ամսվա վերջ Կիպրոսը պետք է կողմնորոշվի` ինչպես իրականացնել երկրի` մեծությամբ երկրորդ Cyprus Popular Bank-ի վերակապիտալիզացիան: Բանկի կարիքների համար կարող է անհրաժեշտ լինել 1.8 մլրդ եվրո, ինչը կազմում է երկրի ՀՆԱ-ի մոտ 10%-ը:
 

Միևնույն ժամանակ, Սիարլիսը նշել է, որ օգնությունը չի ուղղվի միայն բանկային հատվածին:


Կիպրոսը ֆինանսավորում է իր ընթացիկ կարիքները Ռուսաստանից ստացված 2.5 մլրդ -ոց վարկի շնորհիվ, որը, ի տարբերություն Եվրամիության ու Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) վարկերի, չի պահանջում խիստ բյուջետային միջոցառումներ: Կիպրական մամուլի համաձայն` վարկի ստացման բանակցություններ են տարվում նաև Չինաստանի հետ, սակայն պաշտոնատար անձինք այս լուրը չեն մեկնաբանում:

 

Եվրամիության օգնությանը դիմելու դեպքում Կիպրոսը կդառնա եվրոգոտու 17 երկրներից 5-րդը, որը գործընկերների «փրկության» կարիքն ունի: Եվ, քանի որ կղզու տնտեսությունը կազմում է եվրոգոտու ՀՆԱ-ի ընդամենը 0.2%-ը, ապա երկրին հատկացվող գումարը կլինի ավելի քիչ` Հունաստանին, Իռլանդիային, Պորտուգալիային տրամադրված ու Իսպանիային խոստացվածի համեմատ: