Շփման գծից դիպուկահարների հետկանչը պետք է երաշխավորվի. ԵԱՀԿ նախագահ
Հայաստանը բազմիցս կողմ է արտահայտվել շփման գծից դիպուկահարների հեռացման անհրաժեշտությանը. հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ և Արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
«Ադրբեջանը ոչ միայն չի արձագանքում, այլ նաև մերժում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների՝ դիպուկահարների դուրս բերման, հրադադարի ամրապնդման, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման առաջարկները, թուրքական կողմը փորձում է Ադրբեջանի պատասխանատվությունը բարդել այլոց վրա և ձևացնում է, թե իբրև տեղյակ չէ, թե ո՞ւմ պատճառով հնարավոր չեղավ առաջընթաց արձանագրել Կազանում՝ հիմնարար սկզբունքների վերաբերյալ Մինսկի խմբում Թուրքիայի ներգրավմանը համաձայնության գալու հարցում»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը:
Էյմոն Գիլմորն իր հերթին ԼՂ հակամարտող կողմերին կոչ է արել զերծ մնալ ուժի կիրառումից : Նա նշել է, որ Իռլանդիան հակամարտությունները լուծելու փորձ ունի և գիտակցում է, որ պետք չէ ընթանալ՝ «մեղքը դիմացինի վրա բարդելու ճանապարհով»:
«Հակամարտությունը լուծելու համար պետք է բացառվի ուժի կիրառումը: Այն չի կարող լուծվել ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով»,-ասել է նա` ավելացնելով, որ պետք է առաջ շարժվել միայն բանակցային ճանապարհով` հիմնվելով արդեն մշակված սկզբունքների վրա:
Նա խոսել է նաև ղարաբաղյան հակամարտության շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու և դիպուկահարների հետկանչը երաշխավորելու անհրաժեշտության մասին:
«Հուսով եմ` այդ ուղղությամբ առաջընթաց կարձանագրվի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների` Փարիզում կայանալիք հանդիպման ընթացքում»,- ասել է Էյմոն Գիլմորը:









