ԱՄՆ-ը հույս ունի, որ Թուրքիան արձանագրությունները վավերացնելուն ուղղված քայլեր կձեռնարկի. Ֆիլիպ Գորդոն
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը մասնակցել է «Ամերիկայի թուրքերի խորհրդի» 31-րդ ժողովի բացման արարողությանը և իր ելույթում անդրադարձել նաև հայ-թուրքական հարաբերությունների հարցին:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Sondakika կայքը, Ֆիլիպ Գորդոնը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը տարածաշրջանի համար շատ կարևոր զարգացում կլինի: «Այս տարածաշրջանը ոչ թե փակ սահմանների և արգելքների, այլ բաց սահմանների և ավելի շատ դիվանագիտական հարաբերությունների կարիք ունի»,- ասել է նա:
Գորդոնը նշել է, որ խնդրի լուծման համար դեռևս ժամանակ կա և իրենք հույս ունեն, որ Թուրքիան արձանագրությունները վավերացնելու ուղղությամբ քայլեր կձեռնարկի:
Գորդոնը նաև հույս է հայտնել, որ Թուրքիան խնդիրները կհարթի նաև Իսրայելի հետ:
Անդրադառնալով Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններին, Գորդոնը նշել է, որ երկու երկրները բազմաթիվ հարցերում շատ արդյունավետ համագործակցության մեջ են:
Գորդոնը հայտարարել է, որ Իրանի հարցում, եթե նախկինում Թուրքիայի հետ տարաձայնություններ եղել են, ապա այժմ դրանք չկա և իրենք ամեն ինչ արել են` դրանք հարթելու համար:
Նա նշել է, որ Իրանի հարցում ԱՄՆ-ը «դիվանագիտական» ճանապարհով և «ճնշումներ» ներառող մոտեցումներ ունեն և գոհ են Թուրքիայից` Իրանից էներգիայի ներմուծման ծավալները նվազեցնելու համար:









