ՀԱԿ-ն անխնա քննադատության է ենթարկելու իշխանություներին թե´ Ազգային Ժողովում և թե´ Ազատության հրապարակում
Ազգային Ժողովում ՀԱԿ-ն անխնա քննադատության է ենթարկելու իշխանությունների գործողություները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ-ում առաջիկա անելիքներից խոսեց ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը՝ հիշեցնելով, որ ՀԱԿ-ն ունի 7 հոգանոց ֆրակցիա:
Նա նկատեց, որ քաղաքացիները ազատ կարող են մտնել ՀԱԿ-ի համապատասխան գրասենյակ ներկայացնել իրենց դիմումները: «Նրանք կարող են վստահաբար իմանալ, որ իրենց բարձրացարած դիմումը հասնելու է ԱԺ»,-ասաց նա:
Զուրաբյանը նաև տեղեկացրեց, որ իրենք որպես խորհրդարանական ուժ այսուհետ նաև հնարավորություն կունենան ընտրական հանձնաժողովներում ներկայացված լինելու:
«Լինելով խորհրդարանական ուժ այլևս հնարավորություն ունենք ընտրական հանձնաժողովներում նշանակելու մարդկանց, և մենք կօգտվենք այդ առիթից: Սա լրացուցիչ միջոց է պետականորեն կազմակերպվող ընտրակեղծարարությունների դեմ»,-ասաց նա:
ՀԱԿ պատգամավորը տեղեկացրեց, որ ԱԺ-ում իրենց պայքարը զուգորդելու են հանրահավաքային պայքարով, որի դրսևորումը կլինի հունիսի 26-ին` Ազատության հրապարակում: «Այդ օրը շատ ասելիք ունենք` ՀԱԿ-ի ծրագրերի, վերջին միջազգային զարգացումների, նորաստեղծ կառավարության և նրա ծրագրի քննարկման վերաբերյալ»,-ասաց նա:
Զուրաբյանը խոսեց նաև ԵԽԽՎ պատվիրակության հարցի շուրջ` նշելով, որ երեկ հանդիպել է ԱԺ գործող նախագահի հետ՝ պարզելու, թե ինչու է ԱԺ-ն ԵԽԽՎ ամառվա սեզոնին ուղարկում այն պատվիրակությունը, որն ընտրված է հին ԱԺ կազմից: Հովիկ Աբրահամյանը պատասխանել է, որ նման քայլ կատարելը թույլատրված է՝ ԱԺ կանոնակարգ-օրենքով: «Այսինքն՝ 6 ամիս հին պատվիրակությունն իրավուքն ունի մասնակցի, ինչը մենք համարում ենք առնվազն տարօրինակ: Եվ եթե իրավունքն օրենքով տրված է, ապա ինքը պետք է վարվեր համաձայն տրամաբանության, այսինքն՝ նոր կազմով նոր պատվիրակություն կազմեր, որը կարտացոլեր նոր ընտրություներից հետո արձանագրված վիճակը`թեկուզև կեղծված»,-ասաց նա և եզրակացրեց, թե դա ցույց է տալիս, որ իշխանությունները նորից վախենում են,որ կոնգրեսի ձայնը հասնի ԵԽԽՎ»:









