ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն հունիսի 11-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի Հանրապետության փոխվարչապետ Իմոն Գիլմորին: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից:
Ողջունելով բարձրաստիճան հյուրին` ԱԺ նախագահը կարևորել է նրա այցը` տարածաշրջանի խնդիրներին տեղում ծանոթանալու և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու առումով: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ դերը մեր երկրի ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում և անհրաժեշտ է համարել այդ փոխգործակցության շարունակականությունը:
ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել` ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի և ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ը անաչառ դիտորդական առաքելություն անցկացնելու` նշելով, որ Հայաստանը գնահատում է ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ի անկողմնակալ զեկույցը : Նրա խոսքով` Հայաստանի Նախագահը և իշխանություններն արել են հնարավոր ամեն ինչ, որպեսզի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները լինեին ժողովրդավարական, ազատ ու թափանցիկ:
ԵԱՀԿ գործող նախագահ Իմոն Գիլմորը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ` հաջողություններ մաղթելով հետագա գործունեության ընթացքում: Նա բարձր է գնահատե Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները` այդ գործընթացում կարևոր դեր վերապահելով Ազգային ժողովին:
Գիլմորը կարևորել է 2011թ. համաներումը, որն, ըստ նրա, կարևոր նշանակություն է ունեցել երկրում ներքաղաքական կայունությունն ամրապնդելու գործում: Նա նկատել է, որ մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների հաջողությանը մեծապես նպաստել է ԱԺ կողմից ընդունված բարեփոխված Ընտրական օրենսգիրքը, որտեղ ներառված են նաև ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ փորձագետների առաջարկները :
Նա կարևորել է նաև «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները, ինչպես նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծի ընդունումը : ԵԱՀԿ գործող նախագահը անհրաժեշտ է համարել ՀՀ ԱԺ-ԵԱՀԿ հետագա համագործակցության խորացումը և աջակցության պատրաստակամություն հայտնել:
Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին : ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն և միակ ձևաչափ: «Մեր երկիրը բազմիցս ապացուցել է, որ հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով: Կողմերը պետք է զերծ մնան որևէ քայլերից, որոնք կարող են հավելյալ լարվածություն և խոչընդոտներ ստեղծել խաղաղ գործընթացի ճանապարհին»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Վերջինիս համոզմամբ` ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման ցանկացած փորձ կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ոչ միայն հակամարտության կողմերի, այլև տարածաշրջանի համար: ԱԺ նախագահը մտահոգություն է հայտնել վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների և ոտնձգությունների համար և դատապարտելով` նշել, որ միջազգային հանրությունը պետք է արժանի գնահատական տա Ադրբեջանի պահվածքին:
Գիլմորը նույնպես կարևորել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա, և շեշտել. «Մենք ուժի գործադրում չենք ընդունում, և հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել: Իրավիճակի որևէ սրում անթույլատրելի է: Պետք է շարժվել առաջ` դեպի խաղաղ կարգավորում»: Հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալով` ԵԱՀԿ գործող նախագահը հավաստիացրել է, որ իր ղեկավարած կառույցն աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ հարցեր ևս:









