Իսրայելի Քնեսետում ավարտվել է Հայոց ցեղասպանության հարցով հատուկ քննարկումը

18:33 • 12.06.12

Այսօր՝ հունիսի 12-ին, Իսրայելի Քնեսետը (խորհրդարանը) հատուկ նիստում քննարկել է Հայոց ցեղասպանության հարցը՝ Իսրայել-Թուրքիա հարաբերությունների շարունակվող վատթարացման ֆոնին, նկատում է Times of Israel-ը:

 

Եվ հենց այս գործոնն է առաջնային քննարկման հարց դարձել այս թեմայով իսրայելական լրատվամիջոցների խիստ սակավ հրապարակումներում՝ երկրորդ պլան մղելով քննարկման արդյունքները:

 

«Իսրայելի խորհրդարանը նախկինում ձեռնպահ է մնացել այս հարցի շուրջ հանրային քննարկումներից՝ Թուրքիայի իշխանությունների հետ թշնամանք ստեղծելու մտավախությունից, որը Միջին Արևելքում հրեական պետության քիչ դաշնակիցներից է»,- գրում է Times of Israel-ը:

 

Պատահական չէ, որ Հայոց ցեղասպանության շուրջ քննարկումը համընկել է մոտավորապես այն նույն ժամանակահատվածին, երբ 2 տարի առաջ տեղի ունեցավ Իսրայելի զինուժի հարձակումը թուրքական ակտվիստների Mavi Marmara տորմիղի վրա, որն ուղևորվում էր բլոկադայի մջ գտնվող Գազայի գոտի: Այդ հարձակման ժամանակ Թուրքիայի 9 քաղաքացիների սպանությունից հետո Իսրայել-Թուրքիա հարաբերությունները կտրուկ վատթարացել էին:

 

Քնեսետի խոսնակ Ռեուվեն Ռիվլինն ասել է, որ Հայոց ցեղասպանության քննարկումը կապ չունի Իսրայելի և Թուրքիայի լարված հարաբերությունների հետ: Քննարկումը նախաձեռնել էր խորհրդարանական պատգամավոր, «Մերեց» կուսակցության առաջնորդ Զահավա Գալ-Օնը:

 

«Իբրև հրեաներ և իբրև մարդ արարած՝ մենք չենք կարող արհամարհել այս հարցը և մենք չպետք է զիջենք բարոյականության մեև դիրքերը: Որպես միջազգային ասպարեզում Հոլոքոստի մերժման հետ պայքարող երկիր՝ մենք չենք կարող ժխտել մեկ այլ ժողովրդի ողբերգությունը»:

 

2011-ի դեկտեմբերին քնեսետի Կրթական հանձնաժողովը առաջին անգամ քննարկել էր Հայոց ցեղասպանության հարցը՝ կրկին Գալ-Օնի նախաձեռնությամբ:

 

Գալ-Օնն այս առիթով ասել է. «Տարիներ շարունակ Իսրայելը հաշվի է առել Թուրքիայի հետ իր հարաբերությունները: Սա կենտրոնական հարց է հայ ժողովրդի կոտորածի ճանաչման առիթով, որը դեռ պետք է տեղի ունենա Իսրայելի Քնեսետում»: