Ցուցահանդեսից վրդովված 86 իսլամիստ է ձերբակալվել Թունիսում
Թունիսի ոստիկանությունը 86 սալաֆի իսլամիստի է ձերբակալել այն բանից հետո, երբ նրանք վրդովվել են արվեստի ցուցահանդեսից, որը նրանց կարծիքով անարգում է իսլամը, հայտնում է Al Arabiya-ն:
Թունիսի ներքին գործերի նախարարության տարածած տվյալների համաձայն` իսլամիստները հարձակվել են կառավարական գրասենյակների վրա, գիշերը լուրջ բախումներ են եղել: Դրանք որոշ տեղերում շարունակվել են նաև այսօր ցերեկը: Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել մայրաքաղաք Թունիսում, որտեղ իսլամիստները հարձակվել են ոստիկանական բաժանմունքների վրա, հրդեհել տեղի դատարանը: Լրջորեն տուժել է 7 պաշտոնյա:
Ոստիկանությունը ենթադրում է, որ ամեն ինչ նախօրոք ծրագրված է եղել: Երկրի արդարադատության նախարարն այս բախումները «ահաբեկչական գործողություն» է որակել և ասել, որ բոլոր մեղավորները «թանկ կվճարեն»
Պատճառը եղել է Լա Մարսա արվարձանում բացված ցուցահանդեսը: Հետաքրքրական է, որ անգամ տեղական լրատվամիջոցները մինչ այժմ փորձում են հասկանալ, թե ներկայացված գեղարվեստի գործերում ինչը կարող էր վրդովեցնել իսլամիստներին. ենթադրվում է՝ կենդանիների աբստրակտ պատկերները, քանի որ կենդանի արարածների պատկերումն իսլամում ավանդաբար արգելված է:
Ըստ հաշվարկների՝ Թունիսում 10 000 սալաֆի կա, և նրանց ակտիվությունն ու ազդեցությունը անընդհատ աճում է:









