Կոտայքում անհայտ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել 27-ամյա երիտասարդին և դիմել փախուստի

00:44 • 12.06.12

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

 

Երեկ՝ հունիսի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21.30-ի սահմաններում,Աբովյանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Նաիրիի բաժին հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած Ոստիկանության Նայիրիի բաժնի օպերատիվ քննչական խումբը Նաիրիի ոստիկանապետ Արթուր Բիչախչյանի գլխավորությամբ, պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի Նոր գեղի գյուղի բնակիչ 27-ամյա Դավիթ Առաքելյանն էր, ով նույն օրը ժամը 21.20-ի սահմաններում իրենց գյուղում վրաերթի է ենթարկվել անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից:


Վրաերթի հեղինակը երիտասարդին թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի: Այս պահին Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Նաիրիի ոստիկանները ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցների հետ ձեռնարկում են օպերատիվ- քննչական միջոցառումներ՝ հայտնաբերելու համար վրաերթի հեղինակին:

ՃՈ աշխատանքները ղեկավարում է 3-րդ վաշտի հրամանատար Արսեն Գրիգորյանը: