Մոսկվայում «Միլիոնների երթ»-ն ավարտվեց` մանիֆեստի ընդունմամբ
Մոսկվայի Սախարովի հրապարակում այսօր անցկացված ընդդիմադիր «Միլիոնների երթ»-ի հանրահավաքում ընդունվել է «Ազատ Ռուսաստանի մանիֆեստ»-ը: Մանիֆեստի տեքստը բեմից ընթերցել է ակցիայի հաղորդավար Եվգենյա Չիրիկովան, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Փաստաթուղթը կոչ-պահանջներ է պարունակում, ներառյալ` նախագահ Վլադիմիր Պուտինի հրաժարականը, խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին նոր օրենքի ընդունում և Պետդումայի նոր ընտրություններ, ինչպես նաև նոր Սահմանադրության ընդունում, որը կսահմանափակի նախագահի պաշտոնում մեկ անձի գտնվելը մեկ 6-ամյա և երկու 4-ամյա ժամկետներով:
Երևանյան ժամանակով մոտ 14.30-ին մեկնարկած հանրահավաքի ժամանակ ելույթ են ունեցել «Ձախ ճակատ»-ի համակարգող Սերգեյ Ուդալցովը, քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը, «Արդար Ռուսաստան» կուսակցությունից պատգամավորներ, մտավորականներ, այլք: Այն վարել են Եվգենիա Չիրիկովան ու «Արդար Ռուսաստան»-ից Դմիտրի Գուդկովը:
«Միլիոնների երթ»-ը մեկնարկել էր Մոսկվայի Պուշկինսկայա հրապարակից, որտեղից քայլերթով մասնակիցները հասել են Սախարովի պողոտա: Ներքին գործերի նախարարության Մոսվայի վարչության տվյալների համաձայն` երթին մասնակցել է մոտ 18 հազ մարդ, իսկ արդեն պողոտայում անցկացված հանրահավաքին մնացել է մոտ 15.000-ը:
Ի դեպ, հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, «Համերաշխություն» ընդդիմադիր շարժման առաջնորդներից Իլյա Յաշինն ու բլոգեր Ալեքսեյ Նավալնին չեն կարողացել մասնակցել երթին` ՌԴ Քննչական կոմիտե հարցաքննության կանչվելու համար: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, նրանք երեքն էլ ներկայացել են իրենց փաստաբանների հետ:
Հիշեցնենք, որ երեկ ոստիկանները ստուգումներ են անցկացրել նրանց տներում, իսկ Սոբչակի տանը հայտնաբերել ու առգրավել մոտ 1.5 մլն եվրո գումար:
Մոսկվայից բացի, ընդդիմադիր ակցիաներ են անցկացվել նաև Կալինինգրադում, Օրենբուրգում, Բառնաուլում, Ուֆայում, Տյումենում ու այլ քաղաքներում:









