Մոսկվայում մեկնարկել է «Միլիոնների երթ»-ը, իսկ Սոբչակը, Նավալնին ու Յաշինը հարցաքննության են
Մոսկվայի Պուշկինսկայա հրապարակում երևանյան ժամանակով 13.00-ից մեկնարկել է ընդդիմադիր «Միլիոնների երթ»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Երթի կապակցությամբ, ոստիկանությունն ուժեղացրել է անվտանգությունը հրապարակում, հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Հրապարակը շրջափակել են հարյուրավոր ոստիկաններ, բացի այդ, այնտեղ են Արտակարգ իրավիճակների նախարարության մոտ 20 աշխատակիցներ: Հրապարակի մոտակայքում հերթապահություն են իրականացնում շտապ օգնության ու հրշեջ մեքենաները: Իսկ «Պուշկինսկայա» կինոթատրոնի ետևի մասում տեղադրվել են մետաղորսիչներ:
Երևանյան ժամանակով 13.00-15.00-ն ընդդիմադիրները մտադիր են քայլերթով անցնել բուլվարներով, իսկ 15.00-18.00 Սախարովի պողոտայում կկայանա նրանց հանրահավաքը:
Ռուսաստանի օրվա կապակցությամբ, մայրաքաղաքում կարգուկանոնը կհսկեն ավելի քան 12 հազ իրավապահներ ու Ներքին զորքերի զինծառայողներ: «Միլիոնների երթ»-ին, համաձայն կազմակերպիչների` Մոսկվայի քաղաքապետարան ներկայացրած հայտի, կարող է մասնակցել 50.000 մարդ: Կազմակերպիչները չեն բացառում, որ նրանց թիվը կարող է ավելանալ երեկ հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակի, «Համերաշխություն» ընդդիմադիր շարժման առաջնորդներից Իլյա Յաշինի ու բլոգեր Ալեքսեյ Նավալնիի տներում անցկացված ստուգումների կապակցությամբ:
Ի դեպ, նրանց մասնակցությունը երթին հարցականի տակ է, քանի որ այսօր առավոտյան ընդդիմադիրները կաչված են ՌԴ Քննչական կոմիտե` հարցաքննության: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, նրանք երեքն էլ ներկայացել են իրենց փաստաբանների ուղեկցությամբ:
«Տրամադրությունը գերազանց է, ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ կանցնի և կհասցնենք ներկա գտնվել հանրահավաքին»,- ասել է Նավալնին:
Իսկ Սոբչակն էլ Twitter-ի իր էջում այսօր առավոտյան գրել է, որ չի հասցնի ներկա գտնվել, քանի որ հարցաքննության է:
«Ցավոք, ես չեմ լինի, գնում եմ Քննչական կոմիտե բացատրություններ տալու, թե որտեղից իմ պես հաջողակ հաղորդավարին այդքան գումար տանը»,- այսօր առավոտյան գրել է նա:
Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն` երեկվա ստուգումների ժամանակ Սոբչակի տանը հայտնաբերվել ու առգրավվել է մոտ 1.5 մլն եվրո գումար:
«Իմ տարեկան եկամուտն ավելի քան 2 մլն է: Ի՞նչ է, եթե ես չեմ վստահում բանկերին, իրավունք չունե՞մ տանը պահել փողերս»,- ասել է նա:









