...քանի դեռ հայ ժողովուրդը վտարված է իր հայրենիքից. 19 տարի առաջ զոհվեց ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը՝ Ավոն (տեսանյութ)

11:34 • 12.06.12

Ուղիղ 19 տարի առաջ՝ 1993 թվականի հունիսի 12-ին, Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում զոհվեց Հայաստանի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը՝ Ավոն: Հերոսի իր կոչումը Մոնթեն ստացավ հետմահու:
 

Մոնթեն Արցախ տեղափոխվեց ազատագրական պայքարի հենց սկզբից՝ իսկ մինչ այդ, 1991թվականի սկզբին, հիմնեց «Հայրենասիրական» անունը կրող ջոկատը:


Բնավորությամբ պարզ ու շիտակ, նյութական արժեքների նկատմամբ բացարձակ արհամարհանք տածող, բնության սիրահար ու անընդհատ սովորելու պահանջ ունեցող մարդ էր նա. այսպես է Հայաստանի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին՝ Ավոյին հիշում նրա ընկերներից մեկը՝ Ալեք Ենիգոմշյանը, ով Tert.am-ի հետ զրույցում թվարկեց Ավոյի ամենահատկանշական երեք գծերը:


1978 թվականին  Մոնթե Մելքանյանի հետ Բեյրութում ծանոթացած և այդ ժամանակից ի վեր մտերիմ ընկերներ դարձած Ալեքը հիշում է. «Ինքն այն ժամանակ որոշել էր գալ Խորհրդային Հայաստան և քանի որ վիզա չէին տվել իրեն, որոշել էր գալ և բնակվել Մերձավոր Արևելքում՝ հայաշատ որևէ գաղութում, որովհետև ինքն արդեն որոշել էր, որ իր ապագան հայ ժողովրդի ճակատագրին քով է լինելու»:


Հիշեցնենք, որ Մոնթեն ակտիվ դաշնակցական գործիչ էր ու Հայ Դատի նվիրյալ, և 1980 թվականից Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ղեկավարներից մեկը:


1981 թվականին Ավոյի մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի «Վան» գործողությունը, իսկ 1981-ի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օրլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվեց՝ կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով:


Երբ ավելի ուշ ֆրանսիական դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից, դատարանում Մոնթեն հայտարարեց. «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն, քանի դեռ հայ ժողովուրդը վտարված է իր հայրենիքից...»:


1985-ից մինչև 1989 թվականի հունվարի 16-ը Մոնթեի համար եղել են «ահաբեկչության» մեղադրանքով ազատազրկման տարիներ: Սակայն Մոնթեն ու իր նման հայորդիները ոչ թե ահաբեկիչներ էին, այլ Հայ դատի արդար պահանջով պայքարի դուրս ելած վրիժառուներ:


Մոնթեն բանտից դուրս եկավ 1989 թվականի հունվարի 16-ին և մի քանի տարի տարբեր երկրներում դեգերելուց հետո՝ ժամանեց Հայաստան, որտեղ արդեն սկսվել էր Արցախյան ազատագրական պայքարը: Այստեղ նա ընդունեց Ավո կեղծանունը և 1991 թվականի սեպտեմբերին մեկնեց Արցախ: 1992 թվականին Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնեց Մարտունու շրջան շտաբի պետի պարտականությունը:


1992-ից Ավոն արդեն Արցախի Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատարն էր:
1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց Քարվաճառը:


« Մոնթեն շատ-շատ բանիմաց էր՝ և՛ իր կրթությամբ, և՛ կյանքի փորձով: Անվերջ հիշում եմ իր հետևյալ խոսքերը՝ «Ես ուզում եմ սովորել» »:


Ալեք Ենիգոմշյանի՝ընկերոջ մասին վերհուշն ամբողջանում է նաև հետևյալով. Մոնթեն ոչ միայն հայրենիքին նվիրյալ զինվոր էր, այլև գիտնական՝ նա հնագիտության պրոֆեսոր էր, ուրարտագետ և տիրապետում էր 8 լեզուների: