Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունից ռասիստական հոտ է գալիս. Էդվարդ Նալբանդյան

14:31 • 12.06.12

Թուրքիայի արտաքին գործերի նախարարի այն հայտարարությունից, թե իբրև ինքը մտահոգված է վերջին միջադեպերի արդյունքում միայն ադրբեջանցի զինվորների կորստից, ռասիստական հոտ է գալիս: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, Երևանում հայտարարել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի ԱԳ նախարար Էյմոն Գիլմորի հետ համատեղ ասուլիսում:


Մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը, որում վերջինս իր մտահոգությունն էր հայտնել ադրբեջանցի զինվորների մահվան կապակցությամբ, ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է. «Երբևէ չենք լսել իրենից, որ ինքը մտահոգված լինի ադրբեջանցիների սադրանքների արդյունքում հայ զինծառայողների սպանություններով: Այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը խստորեն դատապարտում է այս արյունալի միջադեպերը և կոչ է անում կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից, թուրքական կողմից այս կարգի հայտարարությունները, փաստորեն, խրախուսում են Ադրբեջանի նոր սադրանքները»: