ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ գործող նախագահ Էյմոն Գիլմորը խոսել են ղարաբաղյան հիմնախնդրից

13:44 • 12.06.12

Հունիսի 11-12-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստանում է գտնվում Իռլանդիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էեմոն Գիլմորը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:


Քիչ առաջ տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Էեմոն Գիլմորի բանակցությունները, որին հաջորդել է համատեղ մամուլի ասուլիսը:

Ողջունելով ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորին Հայաստան կատարած այցը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է.«Չնայած մեր երկու երկրները աշխարհագրորեն մոտ չեն գտնվում, բայց դարերից եկող խորը կապեր են հաստատված եղել մեր ժողովուրդների միջև: Հայաստանը կարևորում է հարաբերությունների զարգացումը, ամրապնդումը և ընդլայնումը Իռլանդիայի հետ»:


Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել է, որ երկու կողմերի միջև տեղի է ունեցել արդյունավետ քննարկում, հերթական հանդիպումը հնարավորություն է ընձեռել առավել մանրամասնորեն քննարկելու՝ երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային հարցերի, միջազգային խնդիրների լայն շրջանակ:



Արձանագրելով այն փաստը, որ Հայաստանն աջակցել է Իռլանդիային որպես ԵԱՀԿ-ի նախագահող ընտրությանը, Նալբանդյանը վերահաստատել է, որ Հայաստանը այսուհետ ևս կնպաստի բոլոր այն քայլերին, որոնք ձեռնարկելու է իռլանդական նախագահությունը՝ ուղղված ԵԱՀԿ-ի առավել արդյունավետ և կենսունակ կազմակերպություն դարձնելուն:
ՀՀ ԱԳ նախարարի տեղեկացմամբ, անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին.

 

«Իռլանդիայի նախագահության կարևոր առաջնահերթություններից է կայունության ու խաղաղության ամրապնդումը Հարավային Կովկասում, ինչը կարևոր է նաև մեր երկրի համար: Ես տեղեկացրի պարոն Գիլմորին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին: Մենք համամիտ ենք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը այլընտրանք գոյություն չունի:


Այս առումով Հայաստանի մոտեցումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշմանը, որոնք արտահայտվել են եռանախագահող երկրների նախագահների մակարդակով l՛Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում»,-ասել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը: