Քլինթոնի այցը Հարավային Կովկաս ցույց տվեց, որ ԼՂ խնդիրն անհանգստացնում է ԱՄՆ-ին. Ֆրեյզեր

15:38 • 12.06.12

Հայաստանի ու Ադրբեջանի շփման գծում միջադեպերը չափազանց անհանգստացնող են: Այս մասին Salam News-ին հայտնել է Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը:

 

Ըստ նրա` նման տհաճ միջադեպերի հետևանքով զոհվում են մեծ թվով խաղաղ բնակիչներ:

 

«Մենք կտրականապես դեմ ենք նման միջադեպերին: Դրանք խորացնում են դրությունը: Կողմերը պետք է հրատապ քայլեր ձեռնարկեն դրանք կանխելու համար»,- ասել է Ֆրեյզերը:

 

Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Հարավային Կովկաս այցին, նա հույս է հայտնել, որ այցը դրական ազդեցություն կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա:

 

«Քլինթոնն այցելեց Հայաստան, Ադրբեջան ու Վրաստան: Պետքարտուղարի այցը տարածաշրջան ցույց տվեց, որ ղարաբաղյան խնդիրն անհանգստացնում է Միացյալ Նահանգներին: Սակայն այս ուղղությամբ անհրաժեշտ է մեծ ջանքեր ներդնել: Ես չեմ կարող կանխատեսել ԱՄՆ-ի հետագա քայլերը, քանի որ նոյեմբերին այս երկրում կանցկացվեն նախագահական ընտրություններ: Այդ իսկ պատճառով ԱՄՆ նախագահի կողմից այս խնդրին ուշադրություն դարձնելը բարդ է»,- ասել է Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրի տնօրենը:


Նրա խոսքով` ԼՂ խնդրի լուծման ուղիները, առաջին հերթին, պետք է փնտրեն Հայաստանն ու Ադրբեջանը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը նա տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: