Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին... վարչապետ նշանակվելուց 10 օր անց
Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Տիգրան Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, ուղերձում ասված է.
«Հարգելի Sիգրան Սուրենի,
Անկեղծորեն երախտապարտ եմ Ձեզ ջերմ շնորհավորանքների համար՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Իմ կողմից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:
Կիսում եմ Ռուսաստանը և Հայաստանը միավորող բարեկամական հարաբերությունները, ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային հարաբերությունները շարունակաբար զարգացնելու Ձեր տրամադրվածությունը: Համոզված եմ, որ ռուս-հայկական համագործակցության ողջ համալիրի ընդլայնումը և համատեղ տնտեսական ու ներդրումային նախագծերի առաջմղումը համապատասխանում են մեր երկրների ժողովուրդների արմատական շահերին:
Ուրախ էի հանդիպել Ձեզ Աշգաբադում: Կարևոր է ապահովել երկկողմ փոխգործակցության ոլորտում առկա գործնական հարցերի շուրջ պայմանավորվածությունների հստակ իրականացումը:
Մաղթում եմ Ձեզ, հարգարժան Տիգրան Սուրենի, քաջառողջություն և հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ»:
Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը վարչապետ է նշանակվել 10 օր առաջ՝ հունիսի 2-ին, իսկ Դմիտրի Մեդվեդևը վարչապետ էր նշանակվել մայիսի 8-ին, և ընդամենը 2 օր անց Տիգրան Սարգսյանը շնորհավորել էր նրան:









