Սվերդլովսկի մարզում օդանավակայանի պահակն ու մի օդաչու ինքնաթիռ են առևանգել

14:43 • 12.06.12

Ռուսաստանի Դաշնության Սվերդլովի մարզի օդանավակայաններից մեկի պահակը, օդաչուն ու վերջինիս 10 ընկերներն օդանավ են առևանգել: Մարզի Սերով քաղաքի ոստիկանությունն այժմ զբաղված է օդանավի ու նրա «անձնակազմի» որոնմամբ:

 

Ինչպես հայտնում է Life News-ը, դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան ժամը 22.00-ին: Նախնական տեղեկություններով` օդաչու Խատիպ Կասատովն իր աշխատատեղ է հրավիրել ընկերներին, նրանք ալկոհոլ են օգտագործել ու որոշել մի քիչ «զբոսնել»: Առանց որևէ թույլտվության` Կասատովն իր ընկերներին նստեցրել է «Ան-2» ինքնաթիռն ու օդ բարձրացել:


Տարբեր վարկածներով` ընկերները պետք է գնային ձկնորսության կամ բաղնիք, սակայն մինչ այժմ նրանց գտնվելու վայրն անհայտ է: Հնարավոր է` նրանք ինչ-որ տեղ վայրէջք են կատարել ու վախենում են կապ հաստատել, իսկ հնարավոր է` օդանավը վթարի է ենթարկվել: