Բուհի ռեկտորի ընտրություններ. Զոլյանի կողմնակիցները պնդում են, որ դրանք լեգիտիմ չեն
Ժամը 13. 30 -ին Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում անցկացվելու են ռեկտորի ընտրություններ: Ռեկտորի պաշտոնը զբաղեցնելու համար հավակնորդները երկուսն են՝ բանասիրական գիտությունների դոկտոր- պրոֆեսորներ Վաղարշակ Մադոյանը և բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարող Գայանե Գասպարյանը: Ընտրությունները անցկացվելու են ԵՊԼՀ խորհրդի նիստի փակ, գաղտնի քվեարկությամբ: Ընտրությանը զուգընթաց բուհի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանին պաշտպանող «Ազատ ուսանողների» ֆորումը պիկետ է անելու:
Քիչ հետո նրանք հանդես կգան ընտրությունների ոչ լեգիտիմության մասին հայտարարությամբ: Իսկ մինչ այդ ուսանող Նարեկ Սամսոնյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Սրանք ապօրինի ընտրություններ են, քանի որ ԵՊԼՀ խորհրդի կազմի մեջ մտնող ուսխորհրդի լիազորություններն արդեն ավարտված են, հետևաբար, ապագա ռեկտորը չի կարող լեգիտիմ լինել »:
Նարեկ Սամսոնյանը նշեց, որ այս ուսխորհուրդն ընտրվել է 2010 թվականի փետրվարին, իսկ ուսխորհրդի նախագահ Հասմիկ Ափյանը «իրենց կամակատարն է»:
Նարեկը նաև հայտնեց, թե այս պահին բուհում սահմանափակված է ուսանողների ազատ տեղաշարժի իրավունքը: Ավելի կոնկրետ՝ ուսանողներին թույլ չեն տվել իջնել բակ:
Հիշեցնենք, որ Սուրեն Զոլյանը Tert.am –ին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչու մրցույթին մասնակցության հայտ չի ներկայացրել, նշել էր, որ անտրամաբանական կլիներ, երբ ինքը մի կողմից մասնակցեր, իսկ մյուս կողմից դատարանում վիճարկեր իրեն ազատելու նախարար Արմեն Աշոտյանի հրամանը: Զոլյանը նշել է, որ թեև Վաղարշակ Մադոյանին համարում է Գայանե Գասպարյանից մի քանի գլուխ բարձր ինչպես մասնագիտական, այնպես էլ բարոյական առումներով, այսուհանդերձ, հավելել է, որ թեկնածուները հետագայում շատ անհարմար վիճակում կհայտնվեն, երբ ինքը՝ դատարանում վերականգնի իր իևավունքներն ու վերադառնա իր պարտականությունների կատարմանը:









