Րոպե իսկ չեմ կասկածում, որ Վ.Օսկանյանը կկարողանա ապացուցել մեղադրանքի անհիմն լինելը. Ն,. Զոհրաբյան
«Բարգավաճ Հայաստանում» ծանոթացել են Ազգային անվտանգության ծառայության տարածած հայտարարությանը և բնավ չեն կասկածում,որ իրենց գործընկեր Վարդան Օսկանյանի «Սիվիլիթաս» հիմնադրամը գործել է բացառապես օրենքի սահմաններում և օրենքի ու օրինականության հետ որևէ խնդիր չի ունեցել:
«Ուստի ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ Վարդան Օսկանյանը և «Սիվիլիթաս» հիմնադրամը կարողանալու են ապացուցել ներկայացված մեղադրանքի անհիմն լինելը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ-ի տարածած հայտարարության մեջ նշվում էր, ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր և «Սիվիլիթասի» հիմնադիր Վարդան Օսկանյանի կողմից կատարվել է խոշոր չափերի հարկային չարաշահումներ և այդ կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Խոսվում է շուրջ 1.135.000 ԱՄՆ դոլար գումարի զեղծարարության մասին`որը չի ուղղորդվել բարեգործական նպատակների:
Նշենք, որ այս դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներագրավելու , ինչպես նաև կալանքի համար համաձայն Սահմանադրության ՝ ՀՀ գլխավոր դատախազը պետք է ստանա ԱԺ համաձայնությունը՝ պատգամավորների քվերակությամբ:
Հարցին, թե «Բարգավաճ Հայաստանու՞մ» քննարկվել է, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն, եթե Աղվան Հովսեփյանը միջնորդությամբ հանդես գա ԱԺ-ում, Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե չէր ցանկանա նման հոռետեսական սցենար նկարագրել և կրկնեց, որ այսօր զրուցել է պարոն Օսկանյանի հետ և վստահ է. որ Վարդան Օսկանյանը և «Սիվիլիթաս» հիմնադրամը ներկայացնելու են հիմնավոր փաստեր, որոնք հերքելու են ներկայացված մեղադրանքը:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ում Վարդան Օսկանյանի հետ կատարվածը կապում են առաջիկա նախագահական ընտրություններում նրա հնարավոր առաջադրման հետ` կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղարը հույս հայտնեց, որ ապրում ենք ժողովրդավարական երկրում, և որևէ քաղաքական գործչի ցանկությունները կամ քաղաքական նկրտումները, եթե այդպիսիք կան (քանի որ անձամբ Նաիրա Զոհրաբյանին հայտնի չէ, որ Վարդան Օսկանյանը նման ցանկություն ունի Tert.am ) երբեևէ չպետք է հիմք հանդիսանան նրա հանդեպ ինչ-ինչ գործընթացներ սկսելու համար:









