Լոռիում 50մ ձորը գլորված «Ֆորդի» վարորդը իր ուժերով դուրս է եկել մեքենայից (լուսանկարներ, տեսանյութ)

21:15 • 13.06.12

Այսօր՝ հունիսի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18-ի սահմաններում Լոռու մարզի Փամբակ գյուղի բնակիչ 32-ամյա Սևակ Խաչատրյանը, վարելով «Ֆորդ Սկորպիոն» մակնիշի 22 ՏՏ 404 համարանիշի ավտոմեքենան, Փամբակից դեպի Վանաձոր ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով՝ հայտնվել Փամբակ գետում: Վարորդն իր ուժերով դուրս է եկել ավտոմեքենայից և այս պահին նա գտնվում է Վանաձորի թիվ 1 հիվանդանոցում:


Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Վարդան Նարգիզյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ:


Տեղում է նաև Ոստիկանության Բազումի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արա Կարապետյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանը հայտնում է, որ 5-րդ վաշտի հետաքննիչ Ստեփան Համբարյանի կողմից նախապատրաստված նյութերը հավանաբար կուղարկվեն Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժանմունք:

Այս պահին Ոստիկանությունը փորձում է ավտոմեքենան ձորից դուրս բերել և այն տեղափոխել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի տուգանային հրապարակ:


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի