Եթե այս տեմպերով գնանք՝ միայն Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ արժանապատիվ տրանսպորտ կունենանք.ակտիվիստներ

16:14 • 13.06.12

Գոյություն ունի տրանսպորտի զարգացման հայեցակարգ, որի իրականացման մասին՝ քաղաքային և տրանսպորտի ոլորտի իշխանությունների կողմից տրվող խոստումները հեքիաթ են հիշեցնում: Եվ եթե այդ տեմպերով գնանք՝ մենք միայն Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ արժանապատիվ տրանսպորտ կունենանք: Այս մասին ասաց Սպառողների միություն հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը՝ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:


«Բանը հասել է նրան, որ վարորդներից մեկը «սպանում» է մյուսին, մինչդեռ հասարակությունը շարունակում է դրա առաջ աչք փակել: Վարորդները միմյանց հետ մշտապես կոնֆլիկտի մեջ են, մեկը մյուսին գծից հանելու համար իրար են ծեծում»,-տեղեկացրեց Արմեն Պողոսյանը:



Նշենք, որ ասուլիսին ներկա էին նաև «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնության անդամները:

 

Նախաձեռնությանը միացած, բնապահպան Սիլվա Ադամյանը վստահեցնում է, որ վարորդներին նույնպես դուր չի գալիս այս վիճակը, քանի որ նրանցից պահանջվելիք պլանի չափը բարձր է.«Բացի պլանից, երթուղայինի վարորդները 15-25 հազար դրամ էլ պլանից դուրս են վճարում և դա այն պարագայում, երբ մեկ ամսվա համար մեկ գիծը հարկայինին վճարում է 30 000 դրամ»,-տեղեկացրեց բնապահպանը և բացատրեց, որ սրանով է պայմանավորված վարորդների կոպտությունը:


Արմեն Պողոսյանը նկատեց, թե «գիծ», «գծի տեր» տերմիները, որոնք արդեն մտել են մեր բառապաշարի մեջ, հանցավոր խմբավորումների կոդավորած լեզուն է.«Ո՞վ չգիտի, թե ո՞վ կարող է գծի տեր լինել՝ ԱԺ պատգամավոր, գեներալ կամ պաշտոնյա: Այս գործից 15-25 հոգի են միայն բավարարված, մնացածը տառապում են այս վիճակից»:


Ըստ նրա, Հայաստանում ներկայումս տիրող կոռուպցիայի պայմաններում տրանսպորտը արագ փող աշխատելու համար ամենից հարմար ոլորտն է, քանի որ ստվերն այստեղ չափազանց մեծ է.«Մեր մոտավոր հաշվարկներով, միկրոավտոբուսների շրջանակներում օրական մոտ 25 000 դոլար չհարկվող եկամուտ կա, փաստաթղթային ապացույց չունենք, բայց հաշվելով, թե որքան են ուղևորները, որքան տրանսպորտ կա՝ նման թվերի ենք հանգում: Ավելի ստույգ հաշվարկներ թող անեն պատասխանատուները»:


Նախաձեռնության ակտիվիստ Արման Ղարիբյանն էլ հայտարարեց, որ իրենց կողմից պահանջագիր է մշակվել, որին միացել են մի շարք հասարակական կազմակերպություններ և քաղաքացիներ: Նա վստահեցրեց` նախաձեռնությունը մեծ ուժ է ստանում, քանի որ ունի պայքարի հստակ ռազմավարություն:

 

«Արժանապատիվ քաղաքացին չի կռանում երթուղային տաքսու մեջ, միկրոավտոբուսները չեն հետևում սահմանված ժամանակացույցին, այդ իսկ պատճառով կանգառներում կուտակումներ են լինում»,-արձանագրում են քաղաքացիական նախաձեռնության անդամները և հայտարարում.«Պահանջում ենք արժանապատիվ տրանսպորտ, պատկան մարմիններից պահանջում ենք պատժել վատ սպասարկող գծատերերին, պահանջում ենք, որ հանրային տրանսպորտն աշխատի նաև երեկոյան և գիշերային ժամերին, որպեզի վարորդն աշխատի օրենքի սահմաներում՝ նաև չծխի և երաժշտություն չլսի և այլն»:


Ակտիվիստ Արման Ղարիբյանը նկատում է, որ չնայած քաղաքային իշխանություններն այդ ամենն ընդունում են, սակայն  իրենք պահանջում են հստակ արդյունքներ և չեն պատրաստվում սպասել ևս 10 տարի ու երթուղային տաքսիներում կռանալ իրենց երեխաների առաջ:


«Հնարավոր միջոցները գործի ենք դնելու, կա աշխատանքային խումբ, ուր կան իրավաբաններ, և եթե պետք լինի՝ նստացույց կանեն, եթե պետք լինի խանգարել գծի տիրոջը՝ կխանգարենք, պետք լինի դատարան դիմել՝ կդիմենք: Մենք հույս ունենք,որ վարորդներն էլ մեզ կմիանան»,-հայտարարեց ակտիվիստ Արման Ղարիբյանը: