Արցախցին ոչ թե վախենում կամ կաշառվում է, այլ առաջնորդվում նպատակահարմարության սկզբունքով. փորձագետ
Արցախյան բոլոր ընտրությունները եղել են ազատ, բայց ոչ լիարժեք արդար։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց Լեռնային Ղարաբաղի հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փորձագետ Գեղամ Բաղդասարյանը:
«Ազատ են այնքանով, որ ոչ ոք բառի բուն իմաստով չի բռնանում արցախցիների կամքի վրա, մահակը քաղաքական տեխնոլոգիայի գործիք չէ, կրակոցներ ու ձերբակալություններ չեն լինում, նույնիսկ թաղային հեղինակություններ չկան։ Իսկ արդար չեն այն պարզ պատճառով, որ վարչական հսկայական ռեսուրսը գործում է իշխանության թեկնածուի օգտին»,- ասաց արցախցի փորձագետը:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին կայանալիք Արցախի նախագահական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 4 թեկնածու` ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԼՂՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վիտալի Բալասանյանը, ՀՀ գյուղատնտեսական համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի գիտակրթական գծով պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը և 65-ամյա գործազուրկ Վալերի Խաչատրյանը:
Պատասխանելով այն այն հարցին, թե Արցախում ինչպիսի՞ն է վստահությունը ընտրական ինստիտուտի նկատմամբ, (քանի որ, որպես կանոն, ԼՂՀ-ում անցկացված ընտրությունների մասին ավելի լավ գնահատականներ են հնչում, քան հայաստանյան-Tert.am) Գեղամ Բաղդասարյանն ասաց, որ սա «ողբերգազավեշտ» է:
«Դա կայանում է նրանում, որ արցախցին գիտակցաբար հրաժարվում է իր իրավունքներից՝ հանուն իր ու երկրի անվտանգության և Հայաստանի հետ լավ հարաբերությունների։ Տարբերությունը սա է։ Սա միանգամայն գիտակից ընտրություն է, կամ ավելի ճիշտ՝ գիտակից չընտրություն։ Սա անիմաստ ինքնազոհողության նման մի բան է։ Մարդը ոչ թե կաշառվելով կամ վախենալով է դա անում, այլ իրեն ծվատող հոգեբանական բարդույթների դրդմամբ։ Մարդը մտածում է, որ տարաձայնությունները կարող են վտանգի տակ դնել մեր անվտանգությունը, իսկ Բաքվից հնչող սպառնալից հայտարարությունների պայմաններում էլ ավելի են կարևորվում Հայաստանի իշխանությունների հետ լավ հարաբերությունները»,- հավելեց փորձագետը:
Նրա գնահատմամբ՝«մարդիկ չեն հասկանում, որ սեփական կամքով իրենց ճակատագիրը հանձնում են ուրիշներին և սահմանափակում իրենց իսկ ազատությունը», ինչն ըստ մեր զրուցակցի՝առավել տարօրինակ է հենց արցախցիների պարագայում, ովքեր արդեն իսկ մի անգամ համոզվել են, որ հայրենիքն անվտանգ է լինում միայն այն դեպքում, երբ այն պաշտպանում են ազատ քաղաքացիները, այլ ոչ թե կոնֆորմիստներն ու նպատակահարմարությամբ առաջնորդվողները:
Սա նաև արցախցի փորձագետի պատասխանն էր մեր այն հարցին, թե ինչո՞վ են տարբերվում արցախյան ընտրությունները հայաստանյան ընտրություններից:
Իսկ գուցե արցախցիներն առավել պակաս են նախընտրում ընտրակաշառք վերցնել, այս հարցում Գեղամ Բաղդասարյանն ունի հետևյալ բանաձևը. «Արցախցիները ոչ թե վախենում կամ կաշառվում են, այլ, ինչպես Մանվել Սարգսյանն է ասում, պարզապես առաջնորդվում են նպատակահարմարության սկզբունքով։ Ոչ թե նրանով, թե ով է ավելի արժանի, այլ թե տվյալ իրավիճակում ում է նպատակահարմար ընտրել»։
Այսուհանդերձ, Արցախում կայանալու են արդեն 5-րդ նախագահական ընտրությունները, և նախորդ ընտրությունների ժամանակ ևս բազմաթիվ թեկնածուներ էին առաջադրվել: Փորձագիտական ու քաղաքագիտական շրջանակները վստահ են, որ կընտրվի Բակո Սահակյանը, բայց դրանով հանդերձ նաև չեն կասկածում, որ իրականում լուրջ մրցակցություն կծավալվի ԼՂՀ գործող նախագահի և Վիտալի Բալասանյանի միջև:
Այդ դեպքում ինչու՞ են մյուս երկուսը դրել իրենց թեկնածությունը, արդյո՞ք արհեստական այլընտրանք կամ ժողովրդավարական իմիջ ստեղծելու նպատակով: Ի պատասխան հարցին, Գեղամ Բաղդասարյանը հայտարարեց, որ եթե Արցախի իշխանություններն ունեն վերարտադրվելու նպատակ՝ժողովրդավարական իմիջի պահպանմամբ, ապա այլ նպատակ ու ակնկալիքներ ունի հանրությունը, որն ըստ Գեղամ Բաղդասարյանի՝ ծարավ է իրական ու գործուն ժողովրդավարության։
Այս պայմաններում, ըստ փորձագետի՝ կարելի է խոսել ոչ թե կանխորոշված ընտրությունների , այլ այն մասին, որ թեկնածուներն անհավասար պայմաններում են, երբ իշխանության թեկնածուի օգտին գործում է ողջ վարչական ռեսուրսը։ Պատասխանելով այն հարցին էլ, թե իր կարծիքով քաղաքական ո՞ր ուժի թեկնածուի առաջադրումը կարող էր լուրջ այլընտրանք դառնալ Արցախի ներկայիս իշխանությանը, փորձագետը ափսոսանքով նշեց, որ Արցախում 2007 թվականից ի վեր հաստատված միաբևեռ քաղաքական դաշտի պայմաններում բոլոր քաղաքական ուժերը նպատակահարմար են գտել պաշտպանել իշխանության թեկնածուին՝ Բակո Սահակյանին, ում թեկնածությունը պաշտպանում են բոլոր քաղաքական ուժերը, ինչով և վերջինս ներկայանում է որպես միասնական թեկնածու։ Իսկ սա, ըստ Գեղամ Բաղդասարյանի, խոսում է այն մասին, որ այստեղ բարենպաստ հող չի ստեղծվել քաղաքական ուժերի կայացման ու քաղաքական այլընտրանքի առաջարկման համար:
Բայց անգամ այս պայմաններում, ըստ Գեղամ Բաղդասարյանի՝ հանրության գիտակից ու քաղաքականապես ակտիվ մասը մշտապես փորձեր է անում իրական այլընտրանք ներկայացնել և որոշակի ակնկալիքներ է ունենում ընտրություններից։
«Այսինքն՝ նպատակը ոչ թե պարզապես մասնակցությունն է նախագահական ընտրություններին, այլ իրական այլընտրանք առաջարկելը։ Նախորդ ընտրություններում՝ 2007 թվականին, այդ դժվարին, բայց հայրենանվեր առաքելությամբ հանդես եկավ Մասիս Մայիլյանը, այս անգամ դրա կրողը Վիտալի Բալասանյանն է։ Չնայած ուժերի անհավասարությանը՝ միշտ էլ կա հույս, որ արցախյան հանրությունը կթոթափի պարտադրվածության բեռը և ոտքի կկանգնի սեփական իրավունքները պաշտպանելու համար»,-ասաց Գեղամ Բաղդասարյանը:









