Չինաստանի պետական խորհրդի նախագահ Վեն Ցզյա Բաոին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ կառավարության ղեկավարին

18:37 • 13.06.12

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին, որը վարչապետին անձամբ է փոխանցել Չինաստանի պետական խորհրդի նախագահի շնորհավորանքները՝ ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում վերանշանակվելու և խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության տեղակատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից:


Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերա-նշանակվելու կապակցությամբ:


Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո 20 տարիներ շարունակ հայ-չինական հարաբերությունները զարգանում են շարունակական, առողջ և կայուն ուղով: Կողմերի միջև բարձր մակարդակներում պահպանվում են շփումները, անշեղորեն խորանում է քաղաքական փոխվստահությունը, կողմերն աջակցում են միմյանց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն հարցերում, մեծ արդյունքների են հասել առևտրի, ենթակառուցվածքների, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում համագործակցության հարցերում, առկա են սերտ կապեր և փոխգործակցություն միջազգային և տարածաշրջանային հարցերում:


Համագործակցության երկկողմ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ամրապնդել է երկու երկրների ժողովուրդների բարեկամությունն ու փոխըմբռնումը և ի հայտ է բերել երկկողմ համագործակցության նոր հետաքրքրություններ:


Չինաստանի կառավարությունը մեծ կարևորություն է տալիս հայ-չինական հարաբերություններին և Հայաստանը ընդունում է որպես մեծ բարեկամ և լավ գործընկեր: Ձերդ գերազանցություն, չինական կողմը բարձր է գնահատում Ձեր մեծ ներդրումը և աջակցությունը հայ-չինական հարաբերությունների և երկկողմ գործարար միջավայրի զարգացման գործում:


Նշելով հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, ես պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել հայ-չինական հարաբերությունների և բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հարցերում նոր հաջողություններ գրանցելու ուղղությամբ»:


Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կիսում է հայ-չինական հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ Չինաստանի իր գործընկերոջ խոսքերը: «Մեր երկկողմ եղբայրական ու բարեկամական հարաբերությունները վերջին շրջանում զարգանում են դինամիկ կերպով: Հայաստանը շահագրգռված է դրանում: Մեր կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի այդ հարաբերություններն ամրապդնվեն, քանի որ դա բխում է հայ ժողովրդի շահերից»:


«Չնայած ճգնաժամային իրավիճակին ՝Հայաստանի տնտեսությունը շարունակում է զարգանալ, քաղաքական ոլորտում ևս պահպանվում է կայունություն: Ձեր գլխավորած կառավարությունն ու Հանրապետական կուսակցությունը մեծ ավանդ ունեն այս աշխատանքներում: Ուրախ ենք Ձեր հաջողությունների համար»,- ասել է Թիան Չանչունը:


Դեսպանը վստահություն է հայտնել, որ առաջիկայում ևս երկու երկրների միջև համագործակցությունը հաջողությամբ կզարգանա տարբեր բնագավառներում: Թիան Չանչունը տեղեկացրել է, որ ներկայումս ընթացքի մեջ են Երևանում չինական դպրոցի բացման աշխատանքները, որը կնպաստի մեր երկրում չիներենի տարածմանն ու զարգացմանը:


Տիգրան Սարգսյանը նշել է, որ ներկայում տնտեսական, սոցիալական, կրթական, հումանիտար և այլ բնագավառներում իրականացվում են մի շարք համատեղ ծրագրեր: Վարչապետը կարևորել է երկկողմ նոր նախագծերի մշակումն ու ներդրումը:


Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել նաև չինական կողմից տարբեր ոլորտներում պարբերաբար ստացվող օժանադակությունը և նշել, որ այն կարևոր նշանակություն ունի մեր երկրի ու ժողովրդի համար: