Շաբաթներ անց Եգիպտոսին հաջողվեց ձևավորվել Սահմանադրական ժողով
Եգիպտոսի խորհրդարանը երեքշաբթի Սահմանադրական ժողով է ձևավորել, որը պետք է զբաղվի նոր մայր օրենքի մշակմամբ, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
Ժողովի կազմում ընդգրկվել է 100 մարդ, որոնց անունները դեռ չեն հայտարարվել: 39 տեղ զբաղեցրել են խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները, որտեղ մեծամասնություն ունեն իսլամիստները, 6 տեղ հասել է դատավորներին, 9 տեղ` մարդու իրավունքների ոլորտի մասնագետներին, մեկական տեղ` Պաշտպանության, Ներքին գործերի ու Արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներին: Ընդգրկվել է նաև արհմիություններից 21 պատվիրակ ու 13 հասարակական գործիչ, «Ալ Ազհար» հեղինակավոր համալսարանի 5 և Եգիպտոսի քրիստոնեական համայնքների 4 ներկայացուցիչ:
Որևէ որոշում ընդունելու համար Սահմանադրական ժողովին հարկավոր կլինի անդամների նվազագույնը 67%-ի ձայները:
Ընթացիկ տարվա մարտին Եգիպտոսի խորհրդարանն արդեն ընտրել էր Սահմանադրական ժողով, որտեղ տեղերի մեծամասնությունը հասել էր իսլամիստներին: Սակայն ապրիլին վեհաժողովի կազմը դատարանի կողմից չէր հաստատվել` ողջ եգիպտական հանրության կարծիքը չարտացոլելու հիմնավորմամբ:
Նոր կազմ ձևավորելու շուրջ բանակցությունները տևել են մի քանի շաբաթ ու պսակվել հաջողությամբ միայն այն բանից հետո, երբ երկրի իշխանության ղեկին գտնվող Գերագույն ռազմական խորհուրդը հունիսի 7-ին սպառնաց, որ եթե 48 ժամվա ընթացքում քաղաքական գործիչները որևիցե որոշման չգան, ապա զինվորականներն իրենք կզբաղվեն ժողովի ձևավորմամբ:









