Իսրայելցի նախարարը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

10:38 • 13.06.12

Իսրայելի բնապահպանության նախարար Գիլադ Էրդանը հայտարարել է, որ հրեական պետությունը պետք է փոխի իր քաղաքականությունը և 1915-ի դեպքերը ցեղասպանություն ճանաչի, գրում է Jewish Journal-ը:

 

Էրդանը, որը երկրի վարչապետ Նեթանյահուի մերձավոր դաշնակիցն է, նման հայտարարություն է արել երեկ Իսրայելի Քնեսետում տեղի ունեցած քննարկման ժամանակ:

«Ես կարծում եմ՝ միանգամայն նպատակահարմար է, որպեսզի Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչի հայ ժողովրդի դեմ իրականացված Հոլոքոստը»,- ասել է Էրդանը:

 

Իսրայելը շատ երկար հրաժարվում էր Հայոց ցեղասպանության շուրջ քննարկումներից ու համապատասխան քայլերից՝ ի սատարում իր դաշնակից Թուրքիայի, որի հետ հարաբերությունները կտրուկ սրվեցին 2010-ի մայիսին, երբ իսրայելական զինուժի` թուրքական մարդասիրական տորմիղի վրա հարձակումից հետո Թուրքիայի քաղաքացի 9 ակտիվիստ զոհվեց:

 

Երեկ Հայոց ցեղասպանության քննարկման հատուկ նիստի ժամանակ Իսրայելի պատգամավորները քվեարկել են այն բանի օգտին, որ քննարկումը շարունակվի Քնեսետի Կրթության հանձնաժողովում:

 

Միաժամանակ Իսրայելի ԱԳՆ-ի խոսնակ Յիգալ Փալմորը ասել է՝ Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը «հայոց ողբերգության հարցում մնում է այն, որ խնդիրը պետք է լուծեն պատմաբանները, և դա չպետք է լինի քաղաքական բանավեճերի առարկա»:

 

«Կադիմա» կուսակցության պատգամավոր Նինո Աբեսաձեն նկատել է նույն առիթով, թե «ցեղասպանության պես դեպքերը վեր են քաղաքականությունից» և ընդգծել, որ հայոց ցեղասպանության ճանաչման և Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումը չպետք է զուգադրել:

 

Քնեսեթի խոսնակ Ռեուվեն Ռիվլինը, ըստ Jerusalem Post-ի, նույն քննարկման ժամանակ ասել է. «Նրանք, ովքեր վերջնական լուծում առաջարկեցին հրեաների համար, կարծում էին, որ աշխարհը լուռ կմնա, ինչպես հայերին սպանդի ենթարկելու ժամանակ: Քնեսետը չի կարող անտեսել այս դրվագը, որը փաստ է: Մենք չենք կարող ներել մեր եղեռնը արհամարհող ազգերին և ինքներս չենք կարող արհամարհել ուրիշների եղեռնը»: