5 տարի Գերմանիայի անտառներում բնակված տղայի լուսանկարներն են հայտնվել
Բրիտանական Dailymail պարբերականը ներկայացրել է անգլախոս դեռահաս մի տղայի առաջին լուսանկարները, ով նախորդ տարվա սեպտեմբերին հայտնվելով Բեռլինում պնդում էր, որ ինքը 5 տարի հոր հետ բնակվել է գերմանական անտառներում:
Բեռլինի ոստիկանությունը հայտնել է, որ տղայի տվյալներն ուղարկվել են Ինտերպոլ`միջազգային մակարդակով նրա մասին տեղեկությունները ստուգելու համար, սակայն ապարդյուն:
Տղան պատմել է, որ հայրը իրեն կոչել է Ռեյ և որ ինքը ծնվել է հունիսի 20-ին, սակայն չի հիշում իր ազգանունը և, թե որտեղից է ինքը: Ռեյը ասել է, որ մայրը մահացել է ավտովթարում, երբ ինքը 12 տարեկան է եղել: Այդ օրվանից հայրը նրան տարել է անտառ, որտեղ և ապրել են 5 տարիների ընթացքում:
Տղայի խոսքերով՝ 2011թ.-ի օգոստոսին նրա հայրը մահացել է: Նա թաղել է հորը անտառում և հինգ օր քայլելով հասել Բեռլին:
Այժմ տղան դպրոց է հաճախում, սովորել է գերմաներեն և բավական արագ յուրացրել է տեխնոլոգիական հմտությունները՝ առանց դժվարության օգտվելով համակարգչից և բջջային հեռախոսից:
Այնուամենայնիվ ոստիկանության աշխատակիցներից մեկը նշել է, որ իրենք տարակուսանքով են մոտենում տղայի՝ 5 տարի անտառում ապրելու վարկածին:












