ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել Վրաստանին ազատ ընտրությունների անցկացման հարցում

13:35 • 13.06.12

Տարածաշրջանային այցով Վրաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի արտաքին գործերի ու առևտրի նախարար Էյմոն Գիլմորը հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ, հայտնում է apsny.ge-ն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային, մասնավորապես` ռուս-վրացական հարաբերություններին, Վրաստանի վիճահարույց տարածքներին ու Ժնևյան խորհրդակցություններին առնչվող հարցեր:

 

Մեկնաբանելով Ռուսաստանի նախաձեռնությամբ աշնանն անցկացվելիք «Կովկաս- 2012» զորավարժությունները` Գիլմորն ընդգծել է, որ իր գլխավորած կառույցը հետևողական է այս գործընթացին: Նա նաև ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման հույս է հայտնել ու համագործակցության կոչ արել կողմերին:


Քննարկվել է նաև աշնանը կայանալիք Վրաստանի խորհրդարանական ընտրությունների հարցը: Գիլմորը հույս է հայտնել, որ դրանք կանցկացվեն ժողովրդավարական չափանիշերին համապատասխան, իսկ «ԵԱՀԿ-ն կնպաստի գործընթացին` իր դիտորդների միջնորդությամբ»:


Խորհրդարանական ընտրությունները եղել են նաև ԵԱՀԿ գործող նախագահի ու Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեի հանդիպման գլխավոր թեման: ԵԱՀԿ անունից Գիլմորը պատրաստակամություն է հայտնել օգնություն ցուցաբերել Վրաստանին ազատ ու ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար, որտեղ «կարևոր է նաև ազատ ԶԼՄ-ների դերը»: