Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջոցը վստահության ամրապնդումն է. ԵԱՀԿ գործող նախագահ

09:10 • 13.06.12

Ձգձգված հակամարտությունների կարգավորման հարցում առաջընթացը ԵԱՀԿ-ում Իռլանդիայի նախագահության առաջնահերթությունն է: Այս մասին Trend-ին տված հարցազրույցում ասել է այցով Հարավային Կովկասում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի արտաքին գործերի ու առևտրի նախարար Էյմոն Գիլմորը` հավելելով, որ կարգավորման հարցում առաջընթացի հասնելու արդիականությունն այժմ ավելացել է` Հայաստանի ու Ադրբեջանի շփման գծում լարվածության ֆոնին:

 

Երեկ Հայաստանում Գիլմորը հանդիպումներ է ունեցել ՀՀ ղեկավարության հետ, որի ընթացքում քննարկվել է ղարաբաղյան խնդիրը: Հայաստանից հետո, ԵԱՀԿ գործող նախագահը մեկնել է Վրաստան, իսկ այսօր կայցելի Ադրբեջան:


Նախարարը, անդրադառնալով ԼՂ խնդրին, նշել է, որ առաջին հերթին պետք է դադարեցվի բռնությունը, քանի որ հակամարտության ուժային լուծում հնարավոր չէ: «Իմ հանդիպումների ընթացքում (Հայաստանում ու Ադրբեջանում) ես կոչ կանեմ կողմերին և հակամարտության բոլոր մասնակիցներին զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից ու պատասխան գործողություններից: Վստահության ամրապնդման գործում ու հետագայում զոհերից զերծ մնալու համար կարևոր քայլ է շփման գծից դիպուկահարների դուրսբերումը և միջադեպերի հետաքննության մեխանիզմի շուրջ համաձայնությունը, որին ԵԱՀԿ-ն բազմիցս կոչ է արել»,- ասել է նա:


ԵԱՀԿ գործող նախագահի խոսքով` կարևոր է քաղաքական ամենաբարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը հստակ գործողություններով:

«Իռլանդիայի փորձը ցույց է տալիս, որ տարբեր ոլորտներում քայլերի համադրությունը կօգնի հասնելու իրական առաջընթացի: Սակայն սա պահանջում է կողմերի համարձակությունը»,- ասել է նախարարը:

 

Նախարարի խոսքով` հակամարտության կայուն կարգավորման միակ միջոցը վստահության ամրապնդումն է, ինչի համար ժամանակ և կողմերի ջանքերն են հարկավոր: