Չավեսը Հաիթիում կկառուցի 5.000 տուն
Վենեսուելայի տրամադրած ֆինանսական միջոցների հաշվին Հաիթիում կկառուցվի ավելի քան 5.000 բնակելի տուն` 2010թ.-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած մարդկանց համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով վենեսուելական Telesur հեռուստաալիքին:
Հաիթին վերջին տարիներին գտնվում է դժվարին կացության մեջ: Արևմտյան կիսագնդի ամենաաղքատ երկիրը դեռ «ուշքի չի եկել» ավերիչ երկրաշարժի հետևանքներից: 2010-ի աղետը խլեց մոտ 230.000 մարդու կյանք, մոտ 3 մլն-ը ստացավ տարբեր աստիճանի մարմնական վնասվածք, միլիոնից ավելի մարդ մնաց անօթևան ու դարձավ փախստական: Մինչ այսօր ժամանակավոր ճամբարներում ապրում է 400.000 մարդ:
Երկրաշարժի հետևանքով մեծ վնաս հասցվեց երկրի տնտեսությանը, նախնական գնահատականներով` այն մոտ 9 մլրդ դոլար է: Բացի այդ, երկրում սկսվեց խոլերայի համաճարակ, որը խլեց ավելի քան 7.000 մարդու կյանք:
Հաիթիի վարչապետ Լորան Լամոն հայտնել է, որ 2.500 տուն կկառուցվի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում, իսկ մնացածը` կղզու 10 դեպարտամենտներում:
Բացի այդ, Վենեսուելան ու Կուբան կֆինանսավորեն մայրաքաղաքում նոր հոսպիտալի կառուցումը:









