Իվանիշվիլին հրաժարվում է վճարել մոտ 91 մլն դոլար տուգանքը
«Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում վճարել իր նկատմամբ սահմանված տուգանքը, հայտնում է apsny.ge-ն: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Թբիլիսիի դատարանը Վերահսկիչ պալատի ֆինանսական մոնիթորինգի ծառայության ներկայացրած վարչական իրավախախտումների մասին արձանագրության հիման վրա տուգանել է ընդդիմադիր միլիարդատիրոջը «պատկանող» ընկերություններին 148 մլն 650 հազ 131 լարիով (մոտ 91 մլն դոլար)` նախընտրական քարոզարշավի ժամանակ թույլ տրված խախտումների համար:
2 մլն 300 հազ լարի էլ տուգանք է սահմանվել «Վրացական երազանք»-ի հետ համագործակցող «Մենեջմենթսերվիս» ընկերության նկատմամբ:
«Ես, իհարկե, չեմ պատրաստվում վճարել, քանի որ սա աբսուրդ է: Դուք պետք է տեսնեք դատավորի ու դատապաշտպանների խոսակցության ձայնագրությունը, դա ամենահետաքրքիրն է: Դատարանը հասել է «Ռեալիթի»-ի,«Ռուսթավի-2»-ի, «Իմեդի»-ի, եթե ցանկանում եք` «Առաջին ալիք»-ի մակարդակին: Ինչպես նրանք են հիմնվում բամբասանքների վրա, այնպես էլ դատարանն է անում»,- ասել է ընդդիմադիրը` հավելելով, որ երբ իր պաշտպանները դատավորից խնդրել են տուգանված ընկերությունների ու իր միջև կապը ցույց տալ, դատավորը պատասխանել է` «Դե դա բոլորին էլ պարզ է»:
«Նրանք հիմնվում են բամբասանքների վրա, ինչպես Սաակաշվիլիի հեռուստաալիքները: Դատավորը նույնիսկ հարկ չհամարեց դատապաշտպանին բացատրել իրավիճակն իրավաբանական տեսանկյունից` օրենքի հիման վրա»,- ասել է նա:
Իսկ այն հարցին, թե ինչ կլինի, եթե նա չվճարի տուգանքը, Իվանիշվիլին պատասխանել է, որ դա պետք է ասեն իշխանությունները:
«Դա մենք պետք է հարցնենք իշխանություննրից, թե ինչ են նրանք պատրաստվում անել հետագայում»,- ասել է ընդդիմադիրը:
Վերահսկիչ պալատի արձանագրության համաձայն` Իվանիշվիլիի ընկերությունների կողմից մարզերում 107 հազ հեռուստատեսային ալեհավաքներ են տեղադրվել, ինչպես նաև ընդդիմադիր գործիչներին արտոնյալ պայմաններով 239 ավտոմեքենա տրամադրվել: Միլիարդատերը, ում կարողությունը Forbes-ի տվյալներով` 6.4 մլրդ դոլար է, պետք է վճարի տուգանքը մեկ շաբաթվա ընթացքում:









