Սիրիայում արդեն քաղաքացիական պատերազմ է սկսվել. ՄԱԿ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղապահ գործողությունների գծով տեղակալ Էրվե Լադսուսը կարծում է, որ Սիրիայում արդեն քաղաքացիական պատերազմ է ընթանում: Նա նման կարծիք է արտահայտել ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած` լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը:
Նրա խոսքով, վերջին շրջանում Սիրիայում այնքան է ահագնացել և զանգվածային չափերի հասել բռնությունների մակարդակը, որ դա ենթադրում է հակամարտության բնույթի փոփոխություն:
Լադսուսը պնդում է, որ Սիրիայի կառավարությունը ընդդիմությանն է զիջել երկրի տարածքի խոշոր հատվածներ և մի քանի քաղաքներ և ցանկանում է վերականգնել դրանց նկատմամբ իշխանությունը:
Գլխավոր քարտուղարի տեղակալը հղում է անում նրան, որ հաստատվում է ոչ միայն տանկերի և հրետանու կիրառումը, այլ նաև` գրոհային ուղղաթիռների:
«Քանի որ, ընդդիմությունը նույնպես հակազդեցություն է ցուցաբերում, ապա ամեն օր լայնածավալ բռնությունների բազմաթիվ դեպքեր են տեղի ունենում», - ասել է Լադսուսը:









