Ռուսաստանը հերքում է Սիրիային զենք մատակարարելու մեղադրանքները

20:21 • 13.06.12

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քննադատել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունն այն մասին, թե Մոսկվան սիրիական իշխանություններին ռազմատեխնիկա է մատակարարում, և իր հերթին, մեղադրել է Վաշինգտոնին սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելու մեջ, հաղորդում է BBC-ն:


«Մենք ներկայում ավարտում ենք վաղուց կնքված և վճարված պայմանագրերի կատարումը: Սակայն բոլոր այդ պայմանագրերը բացառապես կապված են հակաօդային պաշտպանության համակարգերի հետ», - ասել է Լավրովը Թեհրանում:


Նրա խոսքով, Սիրիային զենքի մատակարարումը չի խախտում միջազգային համաձայնագրերը:

 

«Մենք, ոչ Սիրիա, և ոչ որևէ այլ վայր չենք մատակարարում բաներ, որոնք օգտագործվում են խաղաղ ցուցարարների դեմ պայքարում, ի տարբերություն Միացյալ Նահանգների, որն այդ տարածաշրջան պարբերաբար մատակարարում է հատուկ միջոցներ, այդ թվում նման մատակարարում է տեղի ունեցել Պարսից ծոցի մի երկիր, սակայն ամերիկացիները դա համարում են սովորական երևույթ», - հայտարարել է Լավրովը:


Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախօրեին հայտարարել էր. «Մենք անհանգստացած ենք վերջերս հայտնված տեղեկատվությամբ, ըստ որի Ռուսաստանը Սիրիային ռազմական ուղղաթիռներ է մատակարարում: Դա կարող է հակամարտության արագ շիկացման հանգեցնել», - ասել էր ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

 

Նա ընդգծել էր, որ ԱՄՆ-ը մշտապես հայտնում է Ռուսաստանին Սիրիային սպառազինության մատակարարման անթույլատրելիության մասին:

 

«Մենք վիճում ենք ռուսաստանցիների հետ և խնդրում նրանց դադարեցնել Սիրիային զենքի մատակարարումը: Նրանք ժամանակ առ ժամանակ մեզ ասում են, որ մենք չանհանգստանանք, քանի որ այն ամենն ինչ նրանք մատակարարում են, ոչ մի կերպ կապված չէ սիրիական կառավարության` ընդդիմության դեմ գործողությունների հետ: Դա, ըստ երևույթի, ճիշտ չէ»,- հայտարարել էր պետքարտուղարը:

 

 

Խնդրի շուրջ հայտարարություն է տարածել նաև Ֆրանսիայի ԱԳՆ-ը, որի համաձայն, Փարիզը տեղեկացված է սիրիական ընդդիմությանը սպառազինության մատակարարման մասին, սակայն դրան մասնակցություն չունի:


«Սիրիայի զինված ընդդիմության զենքի վաճառք տեղի է ունեցել: Միևնույն ժամանակ, Ֆրանսիան ոչ ուղղակի, ոչ միջնորդավորված զենք չի մատակարարել: Մենք հասկանում ենք, որ նման մատակարարումները չեն կարող հանգեցնել հակամարտության մարման: Եթե ապստամբներին զենք չմատակարարվի, նրանց տեղում կսպանեն: Եթե ապստամբներին զենք մատակարարվի, իսկ դա տեղի է ունենում, ապա ստացվում է այն, որ մենք աջակցում ենք հակամարտությանը»,- ասել է ֆրանսիական արտաքին քաղաքականության ղեկավար Լորան Ֆաբիուսը:


Ֆրանսիայի ԱԳ նախարարի խոսքով, Սիրիային զենք մատակարարելու հարցը կարող է քննարկվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, և դրա համար պետք է հանվի երկիր զենքի մատակարարման սահմանափակումը: