Հրապարակվել է «Ալ Կաիդա»-ի «սպանված» առաջնորդի տեսաուղերձը

09:50 • 13.06.12

«Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման կողմից վերահսկվող իսլամիստական կայքէջը հրապարակել է Աբու Յահյա ալ-Լիբիի տեսաուղերձը, ում ամերիկյան իշխանությունները համարում են խմբավորման երկրորդ դեմքը, և որի ոչնչացման մասին հայտարարվել էր հունիսի սկզբին: Ինչպես հաղորդում է Reuters-ը, տեսագրությունից չի հասկացվում, թե երբ է դա արվել, սակայն գործակալությունը նշում է, որ այն արվել է ընթացիկ տարում:

 

Տեսաուղերձում ալ-Լիբին կոչ է անում Սիրիայից դուրս գտնվող իսլամիստներին միանալ նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմի դեմ պայքարող ապստամբներին: Մասնավորապես` ալ-Լիբին դիմում է Իրաքի, Հորդանանի ու Թուրքիայի «եղբայրներին»:

 

Հունիսի սկզբին ստացված հաղորդագրության համաձայն` «Ալ Կաիդա»-ի երկրորդ մարդը սպանվել էր Պակիստանի հյուսիսում, անօդաչուի հարվածից: Հունիսի 5-ին Սպիտակ տունը պաշտոնապես հաստատել էր լուրը: Ամերիկյան իշխանությունների համաձայն` նա համակարգում էր խմբավորման գործողությունները Պակիստանի տարածքում ու այլ երկրներում: ԱՄՆ-ը նրա սպանությունը համարում է մեծագույն հաջողություն Ուսամա բին Լադենի սպանությունից հետո: