Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը դադարեցրել է հացաջրադուլը
Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանն այսօր առավոտյան դադարեցրել է հունիսի 11-ին սկսած իր հացաջրադուլը: Tert.am-ին այս մասին տեղեկացրեց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նա հավաստիացրեց, որ այս 2 օրերի ընթացքում Մհեր Ենոքյանը եղել է բժիշկների վերահսկողության տակ:
«Սա այն ժամկետը չէ, որ իր համար հատուկ վերականգնողական ծրագիր իրականացնենք: Նորմալ վիճակում է գտնվում, առողջական՝ բացարձակ ոչ մի խնդիր չունի: Հոգեբանները, սոցիոլոգներն ու իրավաբաններն այս օրերի ընթացքում անընդհատ աշխատել են նրա հետ»,- տեղեկացրեց Ղլեչյանը:
Հարցին, թե, արդյո՞ք, իրենք տեղյակ չեն, թե ինչն է պատճառը, որ Մհեր Ենոքյանը դադարեցրել է հացաջրադուլը, Գոռ Ղլեչյանը պատասխանեց. «Առավոտյան ուղարկած իր դիմումի մեջ նա պատճառ չի նշել, պարզապես տեղեկացրել է, որ դադարեցնում է իր սկսած հացաջրադուլը»:
Հիշեցնենք, որ բժիշկների ընտանիքի զավակ Մհեր Ենոքյանը, Երևանի բժշկական համալսարանի 3-րդ կուսում՝ 20 տարեկան հասակում, մեղադրվել է համակուրսեցու սպանության մեջ՝ դատապարտվելով գնդակահարության, ինչը հետագայում վերափոխվել է ցմահ ազատազրկման: Նա անազատության մեջ է 1996թ-ից:
Տեղեկացնենք, որ Մհեր Ենոքյանը, դիմելով ծայրահեղ քայլերի, պահանջում է, որ Վճռաբեկ դատարանը վերանայի իր վճիռը:









