Յանուկովիչը ծխելը զանգվածայնորեն արգելող օրենք է հաստատել

21:44 • 13.06.12

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը օրենք է ստորագրել, որը նախատեսում է ծխելու ամբողջական արգելք հասարակական վայրերում: Այս մասին հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայության կայքը:

 

Ուլրաինայի գերագույն Ռադայի կողմից հաստատված փաստաթղթի համաձայն, ծխախոտի, էլեկտրոնային սիգարետների և նարգիլեների օգտագործումը արգելվում է սրճարաններում և ռեստորաններում, հասարակական տրանսպորտի կանգառներում, ինչպես նաև տրանսպորտում, լիֆտերում և տաքսաֆոններում, առողջապահական հաստատությունների տարածքում և շենքերի ներսում, ինչպես նաև ուսումնական հաստատություններում և մանկական հարթակներում:

 

Բացի այդ ծխելու արգելքը տարածվում է նաև մարզական և ֆիզկուլտուրա-առողջապահական համալիրներին, բնակելի շենքերի նախամուտքերին, ստորգետնյա անցումներին, մշակութային նշանակության օբյեկտներին, ինչպես նաև պետական իշխանության օրգանների տարածքներին:


Ծխելու համար հատկացված հատուկ վայրեր պետք է նախապատրաստվեն բոլոր տիպի սեփականության հաստատություններում, հյուրանոցներում, հանրակացարաններում, օդանավակայաններում և կայարաններում:


Փաստաթղթում ամրագրված է, որ տվյալ վայրերի տարածքը պետք է սրահի ընդհանուր մակերեսի ոչ ավել քան 10%-ը կազմի, և դրանք պետք է ծխահեռացման համար նախատեսված համապատասխան կահավորում ունենան:


Օրենքը ուժի մեջ կմտնի 6 ամսից: Խախտելու դեպքում նախատեսվում է 120-1100 ԱՄՆ դոլարին համարժեք տուգանք: