Հատուկ ցուցահանդես և թագավորական հագուստով դերասաններ. Երևանում կնշվի Եղիսաբեթ 2-րդի հոբելյանը

16:38 • 13.06.12

2012-ի թերևս ամենատևական միջոցառման՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդի գահակալության ադամանդե հոբելյանի տոնակատարությունները Հայաստանում յուրօրինակ ձևով կշարունակվեն՝ արդեն նրա տարեդարձին նվիրված միջոցառումների տեսքով:
 

Այդ տոնակատարության երևանյան ամենահրապարակային արտացոլանքը դարձել էր թագավորական գվարդիայի 2
զինվորների պատկերումը Երևանում ՄԲ դեսպանատան պատին:


Իսկ հունիսի 15-ին թագուհու հետ կապված մեկ այլ տոն՝ նրա ծննդյան օրվա հանդիսությունը, իր գեղարվեստական արտացոլանքը կունենա Գաֆէսճյան արվեստի կենտրոնի Խանջյան դահլիճում:
 

Այս առիթով հանդիսության պատվավոր հյուրն է լինելու Նորայր Մարգարյանը, որը հեռավոր 1952-ին Լոնդոնում ներկա է եղել Եղիսաբեթ 2-րդի թագադրության պաշտոնական արարողությանը: Խորհդրային 1200 նավաստիների շարքում նա միակ հայն էր, ով «Սվեդրլով» հածանավից ողջունեց երիտասարդ թագուհուն:
 

Այս դրվագը ներկայացնող և այլ կինոնյութեր կցուցադրվեն տոնակատարության շրջանակներում:


Դիզայներ-նկարիչ Տաթև Մնացականյանը Եղիսաբեթ 2-րդին նվիրված աշխատանք կստեղծի Գաֆէսճյան կենտրոնում:

Սրանից բացի, հունիսի բոլոր շաբաթ և կիրակի օրերին թագուհու և նրա պահակախմբի հագուստով դերասաններ կշրջեն Երևանի այգիներում:

Եղիսաբեթ 2-րդը ծնվել է 1926թ. ապրիլի 21-ին: Նա գահ է բարձրացել 1952 թվականին, երբ ընդամենը 25 տարեկան էր: Թագուհու ծննդյան պաշտոնական տոնակատարությունը հունիսին է, ընդ որում ամեն անգամ տարբեր օրերի՝ կախված եղանակից։